Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվել

Հարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային ոլորտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կոչված են դյուրացնելու մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկ վճարողների օրվա կապակցությամբ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում ապրիլի 19-ին կազմակերպած միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, անդրադարձավ կադաստրային արժեքի որոշման հետ կապված որոշ սահմանափակումների վերանայմանը: «Եկամուտը չպետք է լիներ կադաստրային արժեքի 50 տոկոսից ցածր: Ունեցանք բացառություններ, որոնք, կարծես, արդարացի են: Հարկ վճարողները կամ չէին ունենում այնպիսի դեպք, որ ավելի բարձր արժեքով պետք է օտարումն անեին, կամ՝ հարկելն էր դժվար: Օրինակ, բացառություն է արվում այն դեպքերում, երբ գրավի առարկան մինչև 2021 թվականի հունվարի 1-ն է գրավի առարկա դարձել և հետագայում հարկադիր աճուրդով հարկ վճարողին է անցել: Օտարման գործարքի մասով այդ 50 տոկոսի նորմը չեղարկվել է: Այսինքն, բացառություն է սահմանվել օրենսդիրի մոտ, և դա ի օգուտ հարկ վճարողի է»,- նշեց Լեռնիկ Հարությունյանը:

«Մյուսը. շահութահարկ վճարողը ֆիզիկական անձից վերցնում էր ինչ-որ գույք, կարճ ժամանակ անց այն հետ էր վաճառում նույն ֆիզիկական անձին և ստացվում էր այնպես, որ բանկը, օրինակ, պետք է կիրառեր կադաստրային արժեքի 50 տոկոսը: Դրա հետ կապված հարց էր առաջանում: Այդ մասով էլ բացառություն սահմանվեց:

Նշվեց, որ բացառություն է արվել նաև հարկային օրենսգրքում լիզինգի վերաբերյալ անորոշությունները վերացնելու նպատակով: Կարգավորում է եղել նաև կադաստրային արժեքի մասով՝ նորից կադաստրային արժեքի 50 տոկոսը կիրառելի չէ:

Սահմանվել է նաև ներդրումները խթանող արտոնություն: «Եթե ընկերությունում կայուն ներդրում է կատարվում, այսինքն՝ բաժնետոմս, բաժնեմաս է ներդրվում և ներդրման տարում ու հաջորդ երկու տարիներին այդ ներդրումը չի օտարվում, ապա դա համարվում է եկամտահարկի նվազեցում: Այսինքն, կարճաժամկետը կհարկվի, իսկ երկարաժամկետի դեպքում ինքը հարկերից ազատված կլինի, ինչը կխթանի երկարաժամկետ ներդրումները»,- ներկայացրեց վարչության պետը:

Նա անդրադարձավ նաև կապիտալ ընթացիկ ծախսերի դասակարգման հետ կարգավորմանը: «Տեսնում էինք ֆիզիկական անձից պարզ գույքի վարձակալություն կամ անհրաժեշտ օգտագործման հետ կապված դեպքեր: Բայց, քանի որ չունեինք սկզբնական և հաշվեկշռային արժեքներ, ապա կարծես ցանկացած ինչ-որ մի փոքր աշխատանք, որ կատարվում էր այդ շենք-շինության վրա, դառնում էր կապիտալ ծախս և պետք է հարկվեր օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմա այդ փոփոխության արդյունքում հստակեցվեց և ասվեց, որ ֆիզիկական անձի ձեռք բերածի մասով սկզբնական արժեքը կլինի այն փաստաթուղթը, որով ինքը ձեռք է բերել: Եթե ձեռք բերելու փաստաթուղթը կբացակայի, կամ վարձատու կազմակերպությունների դեպքում՝ հարկման լուծման հարցում պայմանագրում նշված չի լինի սկզբնական կամ հաշվեկշռային արժեքը, ապա անշարժ գույքի դեպքում սկզբնական և հաշվեկշռային արժեքի հիմք  կընդունվի այդ գույքի կադաստրային արժեքը: Դա կօգնի ավելի ճիշտ դասակարգել ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսերը»,- մատնանշեց Լեռնիկ Հարությունյանը:

Փոփոխություններ են եղել նաև չափագրումների մասով. «Ունեինք իրավիճակ. եթե ներմուծումը և իրացումը տարվա որևէ ամսում գերազանցում է 100 մլն դրամը, ապա կարող էինք նոր չափագրում անել: Այստեղ մի քանի բան է փոխվել. առաջինը բացի ներմուծումից և իրացումից նաև ձեռքբերումների նկատմամբ ենք հաշվարկելու: Տարվա ընթացքում որևէ ամսում 100 մլն դրամը դարձել է տարվա ժամանակաշրջանում 24 մլն դրամ: Հարկ վճարողների համար հստակ է լինելու նաև, թե որ ապրանքների մասով է չափագրում կատարելը: 100 մլն դրամը չգերազանցած շրջանառության հարկ վճարողների համար այդ կարգավորումները կգործեն 2025 թվականի հունվարի 1-ից: Նաև նախատեսվում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարողները հանդես կգան որպես հարկային գործակալ՝ շուկայից ձեռքբերումների դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և երկրորդային հումքի): Նաև պատասխանատվություն է նախատեսված. եթե չափագրումների ընթացքում ավելցուկ հայտնաբերվի, շրջանառության հարկ վճարողները կտուգանվեն նախատեսված ապրանքի արժեքի 20 տոկոսի չափով, իսկ կրկնվելու դեպքում այդ արժեքը կդառնա 50 տոկոս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am