Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ 
Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ն հավանություն է տվել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությանը, որի դիմաց Իսրայելը չպետք է հակահարվածներ հասցնի Իրանին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Jerusalem Post-ից։

Ըստ հրապարակման՝ բարձրաստիճան մի պաշտոնյա Կատարի The New Arab պարբերականին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ԱՄՆ-ի հավանությունը ստանալ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու համար, որի դիմաց Իսրայելը պետք է զերծ մնա լայնամասշտաբ ռազմական գործողությունից Իրանի դեմ՝ ի պատասխան Թեհրանի վերջին հարձակման։

«Իրանին իսրայելական պատասխանի դիսկուրսը հակասում է ամերիկյան վարչակազմի ցանկություններին և իրատեսական չէ՝ հաշվի առնելով Իսրայելի պնդումները, որ Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղացել Իրանի հարձակումը հետ մղելու և դրա հաջողությունը կանխելու գործում», - նշել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը լույս ապրիլի 18-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանին հարող հատվածին, որի մասին Եգիպտոսի իշխանությունները նախապես տեղեկացվել են։

The New Arab-ի հրապարակման մեջ նաև նշվում է, որ Եգիպտոսը լիակատար պատրաստության վիճակի է բերել Հյուսիսային Սինայում տեղակայված ուժերը Գազայի հատվածի հետ 14 կմ-անոց սահմանի երկայնքով՝ որպես Ռաֆահում Իսրայելի ցամաքային գործողությանն արձագանքելու պլանի մի մաս։

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am