Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Խորվաթիայի վարչապետը հայտարարել է ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին

Խորվաթիայի վարչապետը հայտարարել է ընտրություններում իր կուսակցության 
հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Անդրեյ Պլենկովիչի «Խորվաթիայի դեմոկրատական ​​միություն» (ԽԴՄ) կուսակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պլենկովիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«ԽԴՄ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում երրորդ անգամ անընդմեջ: Նկատի առնելով Խորվաթիայի պետության շահերը՝ մեր առաջնահերթությունն է հնարավորինս արագ ուժեղ և կայուն կառավարություն ձևավորել: Քաղաքացիների աջակցությամբ մենք պատրաստ ենք առաջիկա 4 տարում աշխատել Խորվաթիան ավելի լավը դարձնելու ուղղությամբ», - նշել է Պլենկովիչը X-ում (նախկինում՝ Twitter):

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,3 տոկոսը մշակելուց հետո ԽԴՄ-ն ստանում է 151 մանդատից 61-ը, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 42 մանդատ, «Հանուն հայրենիքի շարժումը»՝ 14 մանդատ, «Կամուրջ» կուսակցությունը՝ 11 մանդատ, «Մենք կարող ենք» կոալիցիան՝ 10 մանդատ, «Իստարյան դեմոկրատական ​​սաբորը»՝ 2 մանդատ, «Հյուսիս» անկախ պլատֆորմը»՝ 2 մանդատ, «Ֆոկուսը»՝ 1 մանդատ։

Ապրիլի 17-ին կայացած ընտրություններում 165 կուսակցությունների, կոալիցիաների և դաշինքների ավելի քան 2200 թեկնածուների օգտին երկրում և արտերկրում իրենց ձայնը կարող էին տալ 3,73 միլիոն ընտրողներ: Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 62,30 տոկոս։

1990 թվականի Սահմանադրության համապատասխան՝ Խորվաթիան խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը Խորվաթիայի Սաբորն է (միապալատ խորհրդարան), որի լիազորությունների ժամկետը չորս տարի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am