Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» և «Ամերիկացի»-ն՝ մի քանի մրցանակի դափնեկիրներ. հայտնի են «Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողները

«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» և «Ամերիկացի»-ն՝ մի քանի մրցանակի 
դափնեկիրներ. հայտնի են «Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի օրվան նվիրված «Անահիտ» մրցանակաբաշխությամբ Հայկական ազգային կինոակադեմիան չորրորդ անգամ արժևորեց կինոյի նվիրյալներին՝ ընդգծելով նրանց կատարած աշխատանքի կարևորությունն ու մեծ նշանակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով կազմակերպված մրցանակաբաշխությունն անցկացվեց «Դվին մյուզիք հոլ»-ում:

Կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը շեշտեց, որ հատկապես վերջին տարիներին հայկական կինոն ավելի լավն է դարձել:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց «250 կմ» ֆիլմը, որի ռեժիսորն է  Հասմիկ Մովսիսյանը, պրոդյուսերներն են Հասմիկ Մովսիսյանը, Լուսինե Ոսկանյանը, Ջուլիա Անդերսենը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» համարվեց ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը», որի պրոդյուսերներն են Արմինե Անդան, Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը»: Պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Էրիկ Իսրայելյանը:

«Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգում հաղթեց Տիգրան Կուզիկյանը՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի համար:

«Լավագույն նկարչական ձևավորում» մրցանակը տրվեց Ներսես Սեդրակյանին՝ «Ամերիկացի» ֆիլմի համար:

«Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում մրցանակը տրվեց կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանին՝ «Ամերիկացի» կինոնկարի համար:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը տրվեց Սուրեն Թադևոսյանին՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարում կատարած աշխատանքի համար:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց  Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ «Ամերիկացի» ֆիլմում կերտած դերի համար:

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակի արժանացավ Մայիս Սարգսյանը՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում կերտած դերի համար:

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Անահիտը» տրվեց Էդգար Բաղդասարյանին՝  «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարի համար:

Էդգար Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ նման սցենար գրելու գաղափարն իրեն է պատկանում: «Կինոնկարը Խորհրդային Միության մասին չէ: Այն պատմում է այսօր ապրող ծերուկի մասին, որն էսկապիզմով է տառապում: Նա փորձում է փախչել իրականությունից 1977 թվական: Ապրելով այսօրվա Երևանում՝  ընկերություն է անում բացառապես Լեոնիդ Բրեժնևի հետ, մտքերով գնում է ժամանակներ, որտեղ կան հերոսներ, որոնք վաղուց մահացել են: Նրանցից են Ֆիդել Կաստրոն, Չէ Գևարան և այլք»,-պատմեց ռեժիսորը:

Ֆիլմի հերոսի նախատիպն Էդգար Բաղդասարյանի երջանկահիշատակ աներն է: Ըստ ռեժիսորի՝ նա տիպիկ չեխովյան  փոքր մարդ է: «Նրա պես մարդիկ շատ են եղել և հենց նրանք են հսկայական երկիր կառուցել, սակայն կայսրության փլուզումից հետո «մնացել են փլատակների տակ»:  Ես շատ էի խղճում նրանց, քանի որ մարդիկ  խոշոր իրադարձությունների ֆոնին չէին նկատում փոքրիկ ճակատագրերը»,-նշում է Բաղդասարյանը:

Ռեժիսորը խոստովանում է՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ֆիլմը հեշտ ճակատագիր չունի: Հույս ունեն առաջիկայում այն ցուցադրել Ռուսաստանում:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» դարձավ «Ամերիկացի»-ն, որի պրոդյուսեր Արման Նշանյանն ասաց՝ փորձում է չկենտրոնանալ արդյունքների վրա: «Ինձ ոգևորում է գրականությունը, որի վրա հենվում եմ: Գրականությունը կարդալով եմ որոշում մասնակցե՞լ այս կամ այն նախագծին, թե՞ ոչ: «Ամերիկացի» ֆիլմի պարագայում հասկացա, որ այն մեծ ասելիք ունի, մարդկանց  դեպի բարին կտանի, ուստի շատ գոհ եմ, որ այս կինոնկարի մի մասն եմ»,-ընդգծեց պրոդյուսերը:

Նշանյանի խոսքով՝ «Ամերիկացի»-ն համամարդկային հարցեր է բարձրաձայնում և բնավ կապ չունեն լեզուն և երկիրը:

Մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ տրվեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, որն այս տարի նշելու է ծննդյան 85-ամյակը:

Ամիրխանյանը խոստովանեց, որ շատ ոգևորված է ոչ այն պատճառով, որ մրցանակ է ստանում, այլ այն պատճառով, որ «Անահիտ»-ը համախմբել է կինոյի ոլորտի մարդկանց: «Հավանաբար, մրցանակ եմ ստանում իմ կինոերաժշտության համար: Հավանաբար, այդ ֆիլմերից են «Տղամարդիկ»-ը, «Հեղնար աղբյուր»-ը և այլն»,-ասաց կոմպոզիտորը և հենց բեմում կատարեց մի քանի ֆիլմերից մեղեդիներ:

Հայկական ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացրեց «Sharm Holding»-ի մասնակցությամբ և «Tovmasyan» միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Նախորդ մրցանակաբաշխությունները տեղի են ունեցել 2017, 2019 և 2022 թվականներին։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am