Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ և ԵՄ երկրներ նվազել է. ինչ գործոններ է տեսնում փորձագետը

Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ և ԵՄ երկրներ նվազել է. ինչ գործոններ է 
տեսնում փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրներ արտահանումը տարվա առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է համապատասխանաբար 0.7 և 26.8 տոկոսով: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը նվազման հինական գործոն է համարում փոխարժեքը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 5 մլրդ 336 մլն 379.8 հազար դոլար, որը 2 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Ընդ որում, ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 2 մլրդ 154 մլն 784.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 19 տոկոսով՝ կազմելով 322 մլն 837.8 հազար դոլար:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա նվազել է թե ԵԱՏՄ, թե ԵՄ երկրներ արտահանումը: 2024 թվականին հունվար–փետրվարին  Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 535 մլն 909.6 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ նվազելով 0.7 տոկոսով: Ընդ որում, նվազել է Ռուսաստան և Բելառուս արտահանումը, իսկ Ղազախստան և Ղրղզստան արտահանման ծավալներում աճ է նկատվում:

ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 26.8 տոկոսով՝ կազմելով 85 մլն 14.2 հազար դոլար: Այնուամենայնիվ, կան Եվրամիության երկրներ, որտեղ արտահանումը հունվար-փետրվարին աճել է անգամներով: Օրինակ՝ Բելգիա արտահանումն աճել է 3.8 անգամ՝ կազմելով 26 մլն 304.9 հազար դոլար, Բուլղարիա արտահանումն աճել է 3.7 անգամ՝ կազմելով 6 մլն 548.9 հազար դոլար և այլն: Նվազել է Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և այլ երկրներ արտահանումը:

«Դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ որոշակի նվազող դինամիկա ունենք: Կարծում եմ՝ հիմնական գործոնը փոխարժեքն է, արժևորումը արտահանման մրցունակցության նվազեցման գործում դեր է խաղում: Այդ գործոնի ազդեցությամբ կարող է լինել»,–«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:

Փորձագետը հավելեց՝ Ռուսաստանի դեպքում կա նաև վերաարտահանման բաղադրիչ, որը շատ տատանողական է: Դեպի Ռուսաստան արտահանման նվազման հարցում կարող է նաև դա ազդեցություն ունենալ:

Փորձագետը, սակայն, հավելեց, որ ընդհանուր առմամբ արտահանումը բավականին բարձր տեմպով աճում է, բայց աճում է ԱՄԷ–ի բաղադրիչը, նաև աճում է դեպի Հոնկոնգ արտահանումը:

Հայաստանից արտահանումը 2024-ի հունվար-փետրվարին աճել է 2.6 անգամ՝ կազմելով 2 մլրդ 569 մլն 808.7 հազար դոլար:  

 Հայաստանից ամենամեծ ծավալի արտահանում արվել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄԷ է արտահանվել 1 մլրդ 197 մլն 418.5 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.4 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Ռուսաստանն է, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 510 մլն 341.2 հազար դոլարի ապրանք՝ 2023-ի առաջին 2 ամիսների նկատմամբ նվազելով 0.8 տոկոսով: Երրորդ տեղում Չինաստանն է, Հայաստանը հունվար-փետրվարին Չինաստան է արտահանել 266 մլն 333.2 հազար դոլարի ապրանք, որը 4.1 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա հունվար-փետրվարին Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ներմուծել է 1 մլրդ 618 մլն 874.6 հազար դոլարի ապրանք, ինչը 3.5 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Իսկ ԵՄ երկրներից ներմուծումը նվազել է 15.7 տոկոսով՝ կազմելով 237 մլն  823.6 հազար դոլար:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am