Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Երբ կախարդանքն իրական է. VOODOO marketing-ի ղեկավարը՝ անցած ճանապարհի, անհաջողություններից չընկճվելու և ապագա ծրագրերի մասին

Երբ կախարդանքն իրական է. VOODOO marketing-ի ղեկավարը՝ անցած 
ճանապարհի, անհաջողություններից չընկճվելու և ապագա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի հաջողություն տանող ճանապարհները հեշտ չեն լինում։ Պետք է շարունակել հավատալ ու փորձել, չհիասթափվել ու առաջ գնալ՝ կերտելով հաջողության սեփական պատմությունը։ Այս բանաձևը վաղուց արդեն կիրառելի է երիտասարդ ձեռներեց Վարդուհի Հարությունյանի համար, ով այսօր ղեկավարում է ամենահայտնի ու հաջողված մարքեթինգային ընկերություններից մեկը՝ VOODOO marketing-ը։

«Ամեն բան սկսվեց լուսանկարչությունից։ 16 տարեկան էի, երբ սկսեցի լուսանկարչության դասերի հաճախել «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Լուսանկարչության աշխարհը միանգամից գերեց ինձ։ Շուտով սիրելի զբաղմունքը դարձավ աշխատանք։ Այն ժամանակ նկարում էինք ոչ թե թվային, այլ մեխանիկական տեսախցիկներով՝ օգտագործելով ժապավեններ։ Եվ ինձ համար կախարդանքի նման մի բան էր կարմիր լույսով ողողված սենյակում հետևել, թե ինչպես են ջրի մեջ գցած թղթերը վերածվում լուսանկարների»,- պատմում է Վարդուհին։

Իհարկե, հաճելի աշխատանքն ուներ նաև իր բարդությունները։ «Դե հիմա պատկերացրեք մի դեպք, երբ օրեր շարունակ լուսանկարներ ես անում, երբեմն հասնում ես մինչև Հայաստանի մյուս ծայրը, գալիս ես դրանք տպելու և պարզվում է, որ ժապավենը լույս է տեսել ու ստացվում է, որ ոչ մի կադր չունես»,- պատմում է Վարդուհին։ Լուսանկարչի դերում իր աշխատանքը կարևոր դաս սովորեցրեց․ այն է՝ չհիասփաթվել, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, ինչպես ծրագրել էիր։ «Սկսում ես հասկանալ, որ ոչինչ առաջին անգամից չի լինում և կարող ես սխալվել։ Երկու ճանապարհ ունես՝ կամ հանձնվել ու ասել, որ ոչինչ չի ստացվում, կամ չհիասթափվել ու պարզապես փորձել հաջորդ անգամ անել ավելին»,- նշում է նա։

Թեպետ լուսանկարչությունը շատ հոգեհարազատ էր, սակայն մշտապես մտքում պտտվում էր սեփական գործ ունենալու գաղափարը։ «Այն ժամանակ ինձ մոտ նոթատետր էի պահում, որտեղ գրում էի մտքումս ծագած բիզնես գաղափարները՝ նույնիսկ ամենատարօրինակ ու անհավանական թվացողները։ Երբ համալսարանն ավարտեցի, գնացի Գերմանիա՝ տնտեսագիտության և մարքեթինգի դասընթացի, հետո վերադարձա և աշխատանք գտա մի միջազգային կազմակերպությունում՝ որպես մարքեթինգի և b2b վաճառքի մասնագետ։ Եվ ամեն ինչ սկսվեց զրոյից․ նոր մարդիկ, նոր գիտելիքներ, նոր դժվարություններ և, ինչու ոչ, նաև նոր անհաջողություններ։ Բայց արդեն հասկացել էի, որ ոչինչ հեշտ չի լինում, և պետք է ինձ վրա անընդհատ աշխատեմ»,- հիշում է Վարդուհին։

2.jpg (2.47 MB)

VOODOO-ն շատ անսպասելի է հայտնվում իր կյանքում։ «Մի օր ընկերներիցս մեկը պատմեց, որ իր ընկերը գործընկեր է փնտրում, ով իրեն կօգնի վաճառքի զարգացման հարցում։ Որոշեցի գնալ, ծանոթանալ։ Այն ժամանակ դեռ չէի էլ պատկերացնում, որ այդ հանդիպումը կդառնա մի նոր գործի սկիզբ։ VOODOO-ն պլանավորում էր շուկայում իրականացնել SMM-ի և վեբ-կայքերի զարգածման ծառայություններ։ 2015 թվականին թվային մարքեթինգը շատերին դեռ անծանոթ բառակապակցություն էր թվում։ Բայց ժամանակի ընթացքում ոլորտն այնքան զարգացավ, որ այսօր արդեն ունենք 2 կայացած կազմակերպություն՝ VOODOO programming-ը, որը զբաղվում է վեբ կայքերի և հեռախոսային հավելվածների ստեղծմամբ ու VOODOO marketing-ը, որի համահիմնադիրը դարձա։ Վերջին 9 տարիների ընթացքում հարյուրավոր կազմակերպությունների կարողացել ենք օգնել գտնել իրենց սպառողին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,- նշում է Վարդուհին։

Այսօր իր ղեկավարած ընկերության ծառայությունների շարքում են՝ մարքեթինգային ծառայությունները սոցիալական հարթակներում՝ նեղ թիրախավորմամբ, Google և Yandex որոնողական համակարգում գովազդների ստեղծումը, բրենդինգի, գրաֆիկ դիզայնի ծառայությունները, կոմերցիոն նկարահանումները։

3.jpg (2.68 MB)

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոսն այժմ թվային մարքեթինգի մարզիչ է։ Երիտասարդների հետ պարբերական շփումները նրա մոտ համոզմունք են առաջացրել, որ այսօր Հայաստանում հրաշալի սերունդ կա, որը ձգտում է սովորել ու ունենալ մասնագիտական բարձր որակներ։ «Սխալ եմ համարում այն կարծիքը, թե Հայաստանը հետ է մնում, չի հաջողում, թե տեղի մարքեթոլոգները բավականին հմուտ չեն և այլն: Այդպես չէ: Ամեն օր հաղորդակցվում եմ մեծ ներուժ ունեցող մասնագետների հետ»,- շեշտում է նա:

VOODOO marketing-ի ղեկավարը, խոսելով ընկերության առաջիկա ծրագրերի մասին, նշում է, որ այս պահին աշխատում են մի նոր նախագծի վրա, որը նորույթ է լինելու շուկայում․ «Մեկնարկը նախատեսված է 2025 թվականի կեսերին: Երբ ավելի մոտ լինի այդ օրը, սիրով կրկին կհանդիպենք և կպատմեմ մանրամասները»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am