Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդյունքում 42 սկսնակ կին գործարար կստանա 1 միլիոն դրամ դրամաշնորհ

Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդյունքում 42 սկսնակ կին 
գործարար կստանա 1 միլիոն դրամ դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած և ապրիլի 14-ին կայացած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից։

«Ընթրիքին մասնակցել է 42 կայացած կին գործարար, ինչ էլ նշանակում է՝ 42 սկսնակ կին գործարար առաջիկայում կստանա 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն բիզնեսը զարգացնելու համար։

«Արդյունքը գոհացնող է, մենք ակնկալում էինք 40-50 մասնակից, ունեցանք 42-ը, որը համարում ենք լավ ցուցանիշ՝ հաշվի առնելով, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն էր», - նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։

Միջոցառումը անցկացվել է «ԱրմԱս» գինու գործարանում: Գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և երեկոյի հյուրերը շրջայց են կատարել գործարանի տարածքում և ծանոթացել գինու արտադրության ողջ գործընթացին:

ARM_2834.JPG (607 KB)

Շրջայցից հետո հյուրերը մասնակցել են ցուցահանդես-վաճառքի, որտեղ 9 սկսնակ կին գործարարներ ներկայացրել են իրենց արտադրանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բարեգործական երեկոյի բացման խոսքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կին գործարարներին՝ հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքելու և միջոցառմանը մասնակցելու համար։

«Այսպիսով մենք մեր երկրում բարեգործություն անելու նոր մշակույթ ենք ձևավորում։

Բարեգործական հիմնադրամը ոչ միայն նրանց համար է, ում ուղղում ենք այդ միջոցները, այլ նաև այս դահլիճում գտնվող կանանց համար է, որոնք առօրյա վազքի մեջ կուզենային անել իրենց բարի գործը, բայց երբեմն չեն հասցնում։ Հիմնադրամի պարտքն է աշխատել երկու ուղղությամբ էլ՝ աջակցությունը ստացողների էլ, տրամադրողների էլ: 1 մլն-ը մեծ գումար է, և մենք գիտենք, թե դա որքան չափելի է այն մարդու համար, ում նվիրաբերում ենք այն։ Բայց կարծում եմ՝ անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը»,- ընթրիքի մեկնարկին նշել է Աննա Հակոբյանը։

ARM_3343.JPG (763 KB)

Տեղեկացվում է, որ երեկոն ուղեկցվել է ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների և միջոցառման հյուրերի ելույթներով։

5 տարի առաջ շատ փոքր գումարով իր բիզնեսն է սկսել այսօր արդեն կայացած գործարար Աստղիկ Գալստյանը, որը հիմնել է «Թեյան» ապրանքանիշը:

«Ես երբեք չեմ երազել ունենալ սեփական բիզնես կամ շրջագայել աշխարհում, հասնել ֆինանսական մեծ հաջողությունների։ Իմ երազանքը կայուն և հզոր հայրենիքում ապրելն է, այնպիսի հայրենիքում, որի արտադրանքը աշխարհում կդառնա որակի չափանիշ: Իմ բիզնեսի օրինակով ես ինքս հասկաանում եմ, որ հիմա շատ դժվար է մեծ գաղափարները կյանքի կոչել միայնակ։ Այսօր այստեղ եմ այն պարզ պատճառով, որ հասկանում եմ, թե ինչ մեծ աջակցության կարիք ունեն այն կանայք, որոնք որոշել են սկսել բիզնես, այն կանայք, որոնք տեղահանվել են Արցախից, այն կանայք, որոնք ապրում են հեռավոր մարզերում», - նկատել է թեյերի արտադրությամբ զբաղվող «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը։

ARM_4170.JPG (608 KB)

Նշվում է, որ կայացած թեյագործի խոսքը շարունակել է սկսնակ թեյագործը՝ Աննա Սահակյանը։ «Ազատ ժամանակ երեխաներիս հետ սկսեցինք անտառներից հավաքել ինձ հայտնի խոտաբույսերը, չորացնել դրանք, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին փաթեթավորվել՝ դառնալով վաճառքի ենթակա թեյեր։  Այս ամենն այնքան արագ զարգացավ, որ մենք ֆիզիկապես չէինք հասցնում հավաքել անհրաժեշտ քանակի բույսեր և առաջին լուծումը, որ եկավ մտքիս, դա նոր աշխատատեղեր ստեղծելն էր, որով ես կնպաստեմ և՛ իմ համագյուղացիներին, և՛ իմ նախաձեռնած բիզնեսին», - պատմել է թեյերի արտադրությամբ զբաղվող «Աննա-թեյ» ընկերության հիմնադիր Աննա Սահակյանը։

Երեկոյի ավարտին Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բարեգործական երեկոյի հյուրերին հիմնադրամի նախաձեռնությանն աջակցելու համար:

ARM_4277.JPG (666 KB)

«Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով և շատ հպարտ եմ դրանով, որովհետև այս մշակույթը ինձ համար շատ կարևոր է։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև ունենալ գաղափար մի բան է, բայց չունենալ մարդիկ, որոնք կպաշտպանեն այդ գաղափարը և քո հետ կքայլեն այդ գաղափարի շուրջ, նշանակում է ոչինչ չունենալ, որովհետև գաղափարը այդպես էլ իրականություն չի դառնա։ Այս միջոցառման նպատակը այն է, որ ձեր նման կանայք շատանան մեզանում, որովհետև ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»,- նշել է Աննա Հակոբյանը:

ARM_4665.JPG (547 KB)

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արդեն սկսել է ընդունել դրամաշնորհ ստանալու հայտերը։ Ապրիլի 14-ի դրությամբ՝ ստացվել է ավելի քան 50 հայտ։ Վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Հիմնադրամը հիշեցնում է, որ դիտարկվելու են բացառապես այն հայտերը, որոնք ներկայացնող սկսնակ գործարարներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գործունեություն են ծավալում ՀՀ մարզերում։

ARM_6001.JPG (685 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am