Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը և Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը քննարկել են ՀՀ- ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը քննարկել են ՀՀ-
ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում և գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձևավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ:

«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am