Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սևան համայնքում այսուհետ կգործի տիկնիկային թատրոն

Սևան համայնքում այսուհետ կգործի տիկնիկային թատրոն

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համար ապրիլ ամիսը կլինի թատերական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը համայնքում դարձել է կոնկրետ ծրագիր, որը մեկնարկել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 25-ից։

Ապրիլ ամսին Սևանի տիկնիկային թատրոնում նախատեսվում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված առաջնախաղը, որով կտրվի նաև մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնի գործունեության մեկնարկը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Ներկայացումն ունի բնապահպանական ուղղվածություն, որտեղ բացի բարեկամներ ձեռք բերելու, երազանքներին հասնելու գաղափարից, շեշտադրվում են սերը դեպի մեր մոլորակը, բնությունը, շրջակա միջավայրը, դրանց պահպանման և մաքուր պահելու արժեքները։

Ծրագրի ղեկավարն է «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը։ Գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է: Ներկայացման նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը։

Դերասանական կազմում ընդգրկվել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև 12-20 տարեկան պատանիներ և երիտասարդներ։

«Այս ծրագրի շրջանակներում սովորելու են նաև նոր մասնագիտություն՝ տիկնիկագործություն և տիկնիկավարություն։ Տիկնիկների և դեկորների պատրաստման մեջ օգտագործվելու են թղթի, կտորի և պլաստիկի վերամշակումից ստացած նյութեր։

Այս ներկայացմամբ կազդարարվի Սևան համայնքում տիկնիկային թատրոնի գործունեությունը, որը կունենա խաղացանկային ներկայացումներ։

Թատրոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Սևանի համայնքապետարանի կողմից հատկացված տարածքում, որը դարձել է տիկնիկագործության արվեստանոց։

Տիկնիկային թատրոն ունենալու երազանք-ցանկությունն այլևս իրողություն է, որը Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատանքներին հաղորդելու է թարմություն, նոր շնչառություն, իսկ համայնքի մշակութային կյանքը դարձնելու է առավել բովանդակալից և բազմաշերտ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

 Տիկնիկային թատրոնն արդեն ունի հրավերներ:

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am