Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում 
տեղի ունեցող գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը:

Անն-Լորանս Պետելը նշել է, որ բարեկամական խմբի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը, ներդրումային ծրագրերում ներգրավմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին և ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ: Քննարկվել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին ու ծրագրերին: Բռնի տեղահանվածների կարիքների լուծման առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am