Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 1600-ից ավելի անձ աշխատանքի է տեղավորվել պետական աջակցության ծրագրով

ԼՂ-ից բռնի տեղահանված 1600-ից ավելի անձ աշխատանքի է տեղավորվել 
պետական աջակցության ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին զբաղվածության և մասնագիտական ուսուցում ստանալու հարցում աջակցելու պետական ծրագրով արդեն աշխատանքի է տեղավորվել 1618 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների մասին ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 մարդ, կնքված աշխատանքային պայմանագրերի թիվն է՝ 133:

Նշվեց, որ պետական աջակցության ծրագիրը ունի երեք բաղադրիչ: Դրանցից առաջինով պետությունը ծրագրի շահառուին օժանդակում է մասնագիտական կրթություն ստանալու և աշխատանքի անցնելու հարցում: Պետությունը փոխհատուցում է 50 հազար դրամի ուսուցման վարձը և նույնքան գումարի չափով կրթաթոշակ տրամադրում: Ուսման տևողությունը կարող է լինել մինչև 6 ամիս, որից հետո շահառուի հետ առնվազն երեք ամսով աշխատանքային պայմանագիր է կնքվում: Պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մնացած բոլոր պահումների գումարը՝ մինչև 50 հազար դրամի չափով:

Երկրորդ բաղադրիչը շահառուին հնարավորություն է ընձեռում անցնելու վճարովի պրակտիկա և գտնելու աշխատանք: Այս ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 հազար դրամի չափով աշխատավարձ է փոխանցում գործատուին: Այդ գումարում ներառված են հարկերը: Դրանից հետո պետությունը ևս երեք ամիս փոխհատուցում է եկամտահարկի գումարը՝ մինչև 50 հազար դրամի չափով: Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն տևողությունն առնվազն 6 ամիս է:

Երրորդը առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է՝ մասնագիտական ուսուցում, աշխատանքային վճարովի պրակտիկա և աշխատանք: Այս բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում շահառուն ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50 հազար դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50 հազար դրամի չափով կրթաթոշակ։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար՝ ամսական 165 հազար դրամ:

Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո շահառուին տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վերադարձնել շահառուի կրթաթոշակի/ուսման վարձի կամ որպես աշխատավարձ վճարված գումարը։

Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ նրանց կուղղորդեն և խորհրդատվություն կտրամադրեն:

Զբաղվածության մեկ այլ ծրագիր էլ իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը, որի շրջանակում խրախուսվում են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսվարողները, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիների, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսվարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերություններում, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում: Միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է մուտք գործի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ հայտը, որպեսզի ստուգի ծրագրի հետ իր համապատասխանությունը:           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am