Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանում բացառել են Սաակաշվիլիի հանձնումն Ուկրաինային

Վրաստանի խորհրդարանում բացառել են Սաակաշվիլիի հանձնումն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին անհնար է համարել դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանձնումն Ուկրաինային, ինչպես դա պահանջում են Ուկրաինայի իշխանությունները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ինչպե՞ս կարող է մարդը ցանկություն ունենալ Ուկրաինային հանձնել այն մարդուն, որը հանցագործություն է կատարել քո տարածքում: Ես հաստատ գիտեմ, որ նա Ուկրաինայում կմտնի իր կուսակցության շարքերը, և ոչ ոք նրանից պատասխան չի պահանջի, այլ ընդհակառակը, շքանշան կտան ուկրաինական սահմանի ապօրինի խախտման համար», - լրագրողներին ասել Վոլսկին։

Խորհրդարանի առաջին փոխխոսնակը նաև մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքը, որն ավելի վաղ Telegram ալիքում գրել էր, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար Վրաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ 2023 թվականին վերսկսված օդային հաղորդակցությունը և բանտից ազատ արձակի Սաակաշվիլիին։ Նա նաև Վրաստանի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ նրանք Ռուսաստանի Դաշնությանն օգնում են շրջանցել պատժամիջոցները։

«Ի՞նչ անհեթեթ բաներ է նա ասում, գոնե հասկանու՞մ է: Հաստատվել է, որ ոչ մի տեսակի «սև անցքեր» գոյություն չունեն։ Եթե Արախամիան ցանկանում է զբաղվել «սև անցքեր» փնտրելով, թող սկսի իրենից, իր ունեցվածքից, այն իրավիճակից, որ ինքն է ստեղծել իր շուրջը», - եզրափակել է Վոլսկին։

Կիևի և Թբիլիսիի միջև լարվածության նոր փուլն սկսվել է մարտի 6-ին՝ այն բանից հետո, երբ Վրաստանի հանրային հեռարձակող առաջին ալիքը ցուցադրեց կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է Զուրաբ Ադեիշվիլին, որը Սաակաշվիլիի նախագահության տարիներին ղեկավարում էր Վրաստանի արդարադատության նախարարությունը, Ուկրաինայի պատվիրակության կազմում գտնվում Գերմանիայի խորհրդարանում, որտեղ քննարկվում է Կիևին հեռահար հրթիռների փոխանցման հարցը։ Ադեիշվիլին հայրենիքում հեռակա դատապարտվել է մի շարք քրեական գործերով։ Ավելի ուշ Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Գերմանիային և Բելգիային՝ նրա արտահանձնման խնդրանքով։

Վրաստանի կառավարությունը նաև մտահոգություն է հայտնել ուկրաինական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ՝ ուղղված վրաց ժողովրդի դեմ։ Մասնավորապես, Թբիլիսիում նշել են, որ, բացի Ադեիշվիլիից, որն Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականն է, բարձր պաշտոն է զբաղեցնում Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավարի տեղակալ Գեորգի Լորթկիպանիձեն։ Նա Ուկրաինայի հակահետախուզության ղեկավարի տեղակալն է։ Նրա դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել Վրաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am