Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները. ՀՀ և Իրանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցությունների հայտարարությունը

Հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները. ՀՀ և Իրանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցությունների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորև ներկայացված համատեղ հայտարարությունը.

«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։ 

Գոհունակությամբ արձանագրելով երկկողմ զարգացող հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։ 

Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։ 

Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։ 

Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջև տարբեր ոլորտներին և տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am