Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայրենադարձները ծանոթացել են Հայաստանում աշխատանքի հնարավորություններին

Հայրենադարձները ծանոթացել են Հայաստանում աշխատանքի 
հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով տեղեկատվական հանդիպում, որին մասնակցել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակն է հայրենադարձներին ներկայացնել պետական աջակցության ծրագրերն և ՀՀ աշխատաշուկայում մասնավոր ոլորտի հնարավորությունները, ինչպես նաև նպաստել հայրենադարձների և հավանական գործատուների միջև կապի ստեղծմանը։ 

Միջոցառմանը պետական աջակցության ծրագրերն են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Եսայանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Մոնիկա Մաթևոսյանը։ 

Ներկաները ծանոթացել են նաև «staff.am» և «job.am» աշխատանքի որոնման առցանց հարթակների հնարավորություններին։   

Հանդիպման մասնակից «job.am» աշխատանքի որոնման հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանի կարծիքով նման ձևաչափի հանդիպումները կարևոր են հայրենադարձների համար և հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկայի բոլոր նրբություններին։ Ըստ նրա՝ հայրենադարձների տարբեր մասնագիտական խմբեր պահանջված են այսօրվա հայաստանյան աշխատաշուկայում։

«Հայրենադարձները հեշտությամբ կարող են ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկայում։ Խոսքը վերաբերում է  հատկապես այն մասնագետներին, ովքեր աշխատում են տեղակատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և հարակից ոլորտներում։ Ֆինանսաբանկային ոլորտի աշխատողները գուցե որոշ դժվարությունների հանդիպեն՝ կապված լեզվական և այլ հարցերի հետ, բայց դա ևս հաղթահարելի է», - նշել է Լևոն Նալբանդյանը, ով տարիներ առաջ Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից։

Հանդիպմանը որպես գործատուներ մասնակցել են «Յուքոմ», «Էկովիլ», «Զիգզագ» ընկերությունները, «Ինեկոբանկ»-ը, «Dream of Bjni» հանգստյան տունը, «Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանց», «Երևանի գարեջուր», «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերությունները, «Fabula» քովորքինգը, «Ազատ միտք» մասնավոր կրթական հաստատությունն ու «Քանոն» արհեստագործական դպրոցը։ 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից Հայաստան տեղափոխված Անուշ Խոդավերդին հանդիպմանը մասնակցել է հնարավոր գործատուների հետ կապ հաստատելու նպատակով։

«Ինձ հետաքրքրում է բիզնես ոլորտը, դիտարկում եմ ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Երեք տարի է՝ Հայաստանում եմ, մինչև օրս առցանց աշխատել եմ ամերիկյան կազմակերպության համար, հիմա դիտարկում եմ տեղական մակարդակում աշխատանքի հնարավորությունները», - նշել է Անուշ Խոդավերդին։ 

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել նաև իրենց CV-ները ներկայացնել գործատուներին և անցնել նախնական հարցազրույցներ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am