Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին իսկ օրվանից սիրել եմ ծանրամարտը, բայց այս մարզաձևում ոչինչ հեշտ չէ. Ալեքսանդրա Գրիգորյան

Առաջին իսկ օրվանից սիրել եմ ծանրամարտը, բայց այս մարզաձևում ոչինչ հեշտ 
չէ. Ալեքսանդրա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային հաջողության գինը կամքն է, համառությունն ու երազանքին ամեն գնով հասնելու ձգտումը: Ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնության հայտնությունն, անխոս, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն էր: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը 8 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոն ունի: 

Գրիգորյանի հետ մեր հանդիպումը կայացավ Գյումրու «Մարզական բարձրագույն վարպետության» դպրոցում:  Իրար կողքի մարզվում էին պատանիների, երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնության մի շարք մեդալակիրներ, բայց մարզվում էին պահանջկոտ մարզչի ղեկավարությամբ, քանի որ մարզիչը՝ Քրիստինե Պետրոսյանը, գիտի՝ սպորտում արդյունքի են հասնում անվերապահ նվիրվածություն ունեցող մարզիկները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալեքսանդրա Գրիգորյանը խոսեց ծանրամարտում իր առաջին քայլերի, մարզաձևի յուրահատկության և իր առաջիկա նպատակների մասին:

OLD08559.jpg (642 KB)

-Ալեքսանդրախնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Ծանրամարտի հետ իմ ծանոթությունը, որպես այդպիսին, եղել է քրոջս միջոցով: Նա էր հաճախում մարզումների: Ես, նրան տեսնելով, ոգևորվել էի, ուզում էի ինքս ինձ փորձել: Հետաքրքիր էր, թե այդ ինչ է, որ քույրս այդպես մարզվում է: Այդ ժամանակ 11-12 տարեկան էի և չէի էլ հասկանում, թե ինչ տեսակի մարզաձև է ծանրամարտը:  Առաջին իսկ օրվանից սիրել եմ ծանրամարտը, բայց այս մարզաձևում ոչինչ հեշտ չէ:

-Արդյոք եղե՞լ է մի պահ, որը բեկումնային էր, որից հետո հասկացաք, որ ծանրամարտը Ձեր մարզաձևն է:

-Եթե անկեղծ, ամեն տարիքային խումբ իր բարդությունն ու դժվարությունն ունի: Բայց ինձ համար կարևոր էր 2023 թվականին Մեքսիկայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ դարձա աշխարհի չեմպիոն: Այդ մրցաշարից հետո էլ սկսեցի մտածել, որ կկարողանամ մեծահասակների մրցաշարում էլ մրցունակ լինել:

-Ալեքսանդրա, հիմա, երբ արդեն Եվրոպայի չեմպիոն եք, մեծանում է պատասխանատվությունը:  Ինչպե՞ք եք մոտենում այդ պատասխանատվությանը:

-Եվրոպայի առաջնությունն արդեն մոռացել եմ ու առաջ եմ անցել: Ինձ համար պատասխանատվությունն այն է, որ դեռևս 19 տարեկան եմ և կարող եմ երիտասարդների մրցաշարերին մասնակցել: Եվրոպայի չեմպիոնությունից հետո ինձ համար պատասխանատվությունն այն է, որ երիտասարդների շարքում ցածր արդյունքն անընդունելի կլինի: Պետք է հնարավորինս ուժեղ լինեմ, որ ամոթով չթողնեմ ձեզ:

-Իսկ ի՞նչ է փոխվել փետրվարի 13-ից հետո (նա Եվրոպայի չեմպիոն է դարձել հենց այդ օրը):  Ինչպե՞ս եք հիշում չեմպիոնությունը:  

-Եթե անկեղծ՝ ոչինչ էլ չի փոխվել: Միայն նոր տիտղոս է ավելացել: Բայց նաև գիտեմ, որ վաղը կամ մյուս օրը, եթե արդյունք չունենամ, մարդիկ դա մոռանալու են: Եթե անկեղծ՝ չեմպիոնության մասին ինձ հիշեցնում են միայն լրագրողները:  

- Բոլորս ունենք մեկին, ով մեզ համար մոտիվացիայի աղբյուր է, օրինակելի անձ: Ո՞վ է Ձեր օրինակը ծանրամարտում:

-Հռիփսիմե Խուրշուդյանը: Ես նայել ու սովորել եմ նրանից մեր ընդհանուր ուսումնամարզական  հավաքների ժամանակ: Հռիփսիմեն մեզ սովորեցրել է, որ ծանրամարտում ամենակարևորը կամքի ուժն է:  Եվ մենք տեսնում ենք, որ նա այս տարիքում, այդքան դժվարությունից հետո այդքան ձգտում ունի: Նա մեզ ասում է, որ այդ տարիքում մենք էլ կարող ենք մեծ արդյունքների հասնել:

- Ասում են, որ մարզիկների հաջողությունների համար երկու գործոն կա՝ տաղանդ կամ ջանասեր աշխատանք։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք:

-Կարծում եմ՝ երկուսից էլ պետք է ունենալ, բայց աշխատասեր պետք է լինես ավելի շատ, քանի որ տաղանդը քիչ է: Տաղանդը, գուցե, այդքան էլ պետք չէ, քանի որ մարզումների, կամքի ուժի միջոցով կարող ես ուժեղանալ:

-Ալեքսանդրա, կանանց՝ ծանրամարտով զբաղվելը Հայաստանում դեռևս այդքան էլ միանշանակ չի ընդունվում: Ի՞նչ կարծիք ունեք Դուք, որքանո՞վ է ծանրամարտը կանացի մարզաձև:

-Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի: Մենք էլ մեր մարզումներով, մեր հաջողություններով ապացուցում ենք, որ ծանրամարտով կարող են նաև կանայք զբաղվել:

-Իսկ ո՞րն է Ձեր հաջորդ մեծ նպատակը:

-Իմ նպատակներից մեկն Օլիմպիական խաղերի մեդալ նվաճել է: Եվ, ինչո՞ւ ոչ, նաև մեծահասակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չէ որ հիմա միայն Նազիկ Ավդալյանը  աշխարհի չեմպիոնի կոչում ունի: Կուզենայի, որ մեր սերունդն էլ չեմպիոն ունենա:

-Եվ վերջում, ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:  

-Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև մեծահասակների աշխարհի առաջնությունը:

-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]