Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ 
համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ 
փորձագետների կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս փուլում Հայաստանի համար մերձավորարևելյան երկրների, հատկապես արաբական պետությունների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է, հետևաբար այդ համատեքստում ՀՀ նախագահի իրաքյան այցը հենց դրան է միտված։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Իրաք կատարած այցին և այդ երկրի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը։

«Իրաքը բավականին մեծ կշիռ ունի Մերձավոր Արևելքում, ուստի նման ձևաչափով պաշտոնական այցերն, անշուշտ, կնպաստեն երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ Քաղաքական բաղադրիչն, այսպես թե այնպես կարևոր է, սակայն պակաս նշանակալից չեն նաև առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում, որտեղ առկա է երկուստեք հետաքրքրություն։ Երկու երկրներն էլ այդ բնագավառներում հասել են զգալի առաջընթացի, հետևաբար նման այցերի միջոցով կարող է նպաստավոր դաշտ ստեղծվել հիշյալ բնագավառներում զգալի ներդրումներ կատարելու համար, ինչի շնորհիվ կամրապնդվեն Հայաստանի և Իրաքի դիրքերը Մերձավոր Արևելքում»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետի կարծիքով՝ Իրաքն այսօր գտնվում է մերձավորարևելյան աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում և անկայունությունն այդ առումով դեռ կպահպանվի, որովհետև Իրաքը հատկապես 2023 թվականից հետո դարձել է կռվախնձոր Միացյալ Նահանգների ու Իրանի միջև։

«Ներիրաքյան ներկայիս տրամադրություններն էլ ցույց են տալիս, որ ազգաբնակչությունը կարծես երկփեղկվել է և այդ համատեքստում հասարակական կյանքն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ պրոամերիկյան ու պրոիրանական։ Սակայն վերջին տարիներին զգալիորեն աճում է նաև նրանց թվաքանակը, ովքեր չեզոքության կողմնակիցներն են, ովքեր հակված չեն որևէ բևեռի և չեզոք դիրքորոշում ցուցաբերելը հետզհետե դառնում է գերակա ռազմավարություն։ Գնալով հզորանում է այն շերտը, որի համար ամեն ինչի հիմքում Իրաքի շահն է, կենտրոնում իրենց երկիրն է՝ առանց հովանավորների։ Այս մոտեցումը կարող է փոխել իրավիճակը։ Իրաքը տասնամյակներ առաջ դոմինանտ երկիր է եղել Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում, ուստի այժմ փորձում է վերականգնել երբեմնի համբավն ու դիրքերը։ Եթե այդ միտումները շարունակվեն, ապա դրանից, ինչ խոսք, կշահի նաև հայ-իրաքյան փոխգործակցությունը և Հայաստանն ավելի ընկալելի կլինի տարածաշրջանում ու արաբական աշխարհում»,- նշեց Գրիգորյանը։

Քանի որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքում հանդիպեց նաև Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և գործող նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, «Արմենպրես»-ն այդ հանդիպումների առթիվ զրուցեց նաև քրդագետ Վահրամ Պետրոսյանի հետ, ով նշեց, որ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի ֆեդերալ միավորի ղեկավարության հետ ոչ միայն հանդիպումները, այլև փոխհարաբերությունների խորացումը մշտապես եղել է մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում։

«Ընդհանուր առմամբ՝ հարաբերությունները զարգացել են, և հայկական կողմին հաջողվել է պահպանել հավասարակշռություն Բաղդադի ու Էրբիլի միջև։ ՀՀ նախագահի այցը միանշանակ ողջունելի է և կարևորվում է նախագահների հանդիպման ձևաչափով։ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Իրաքի նախագահները մշտապես ծագումով քուրդ եղել են, ինչը նույնպես հավասարակշռությունը պահող գործոն է եղել»,- ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Իրաքյան Քուրդիսատանի ղեկավարության հետ հանդիպումներին ու համագործակցությանը, ապա պետք է ասել, որ դա, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի համար հեռանկարային ուղղություն է։ Ֆեդերալ միավորի կողմից վարվող պարադիվանագիտության համատեքստում Նեչիրվան Բարզանին բավականին ծանրակշիռ գործիչ է, Մասուդ Բարզանիի եղբորորդին է, իսկ վարչապետը՝ Մասրութ Բարզանին, պատվավոր նախագահի որդին է։

«Երբ նշվում է պատվավոր նախագահի անունը, սովորաբար նկատի են առնում ընդհանրապես քրդերի առաջնորդին, քանի որ Մասուդ Բարզանիի հեղինակությունն Իրաքյան Քուրդիստանում միշտ եղել է անվիճելի։ Այդ համատեքստում նման բարձր մակարդակով հանդիպումն ու քննարկումները կարևորվում են նաև քրդերի կողմից։ Իսկ ՀՀ-ի կողմից նախկինում կարևոր քայլ էր Հայաստանի հյուպատոսության բացումն Էրբիլում, ինչն ինքնին մեծ երևույթ է Իրաքյան Քուրդիստանի համար, որի ղեկավարությունը լուրջ ուղերձներ է հղել երկկողմ հարաբերությունների առթիվ։ Այնտեղ կառուցվել է հայկական եկեղեցի, իսկ եղածներն էլ վերանորոգվել են, կարևորվել է տեղի հայկական համայնքի դերակատարությունը, որն ինքնատիպ միավոր է։ Զարգանում են նաև տնտեսական հարաբերությունները։ ՀՀ-ի և Իրաքյան Քուրդիստանի միջև առևտրատնտեսական կապերի առումով կա չիրականացված մեծ պոտենցիալ, որն առաջիկայում նույնպես կարող է լիարժեքորեն օգտագործվել»,- ասաց Պետրոսյանը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am