Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նպաստելով ՀՀ-ի դիմադրողականության աճին և զարգացմանը՝ Ֆրանսիան ավելի կմեծացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում․ քաղաքագետի վերլուծությունը

Նպաստելով ՀՀ-ի դիմադրողականության աճին և զարգացմանը՝ Ֆրանսիան ավելի 
կմեծացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում․ քաղաքագետի 
վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցը չափազանց կարևոր է հատկապես ֆրանսիական կողմի հայանպաստ հայտարարությունների, գործնական քայլերի ֆոնին ու նախապես պլանավորված ռազմավարության համատեքստում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցին և հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի կարևոր հարցերին։

«Մեր տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի համատեքստում հանդիսանում  են «Եվրոկոմ»-ի մաս, որն իր հերթին ռազմավարական աշխարհագրության հայեցակարգ է։ Արևմուտքում մշակվել են նման մի քանի հայեցակարգեր, որոնցով գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունները բաժանվել են առանձին խմբերի։ Այդ հայեցակարգերի միջոցով փորձ է արվում Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգը դարձնել ավելի ճկուն և կառավարելի։ «Եվրոկոմ»-ի գլխավոր կուրացիան իրականացնում է Ֆրանսիան, որը հավաքական Արևմուտքի կողմից կարևորելով հայկական ուղղությունը՝ մեր երկիրը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, որի դիմադրողականության աճին և զարգացվածության մակարդակին նպաստելով՝ հնարավորություն կունենա իր ներկայությունն ավելի մեծացնել մեր տարածաշրջանում»,- ասաց Սիմոնյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերում է ավելի գլոբալ ռազմավարությանը, այլ ոչ թե լոկ հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին, քանի որ ակնառու են ծանրակշիռ քայլեր՝ ի դեմս ռազմատեխնիկական զորակցության  և դիվանագիտական աջակցության։ Այդ համատեքստում Սիմոնյանն անչափ կարևորեց նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հայաստանյան այցը, որն, ի դեպ, առաջինն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ առթիվ Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը, ինչը նույնպես ծանրակշիռ հանգամանք է։

«Երկու կողմից էլ ակնկալվում է ռացիոնալ քաղաքականություն։ Եթե հայկական կողմը հետևողական չլինի, ապա բոլոր պայմանավորվածություններն ու քայլերը կմնան կիսատ և չեն հասնի իրենց նպատակին։ Ֆրանսիան հստակ ցույց է տալիս, որ միտված է վճռական քայլերի, ուստի Հայաստանը պետք է հանդես գա պատասխան քայլերով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա վկայակոչեց վերլուծաբանների կողմի առաջ քաշվող այն թեզը, որ այս պահին համաշխարհային պատերազմն ընթացքի մեջ է, պարզապես դեռ ունի լոկալիզացված տեսք և տեղի է ունենում առանձին ռազմական թատերաբեմերում, սակայն կան մեծ ռիսկեր, որ կոնֆլիկտները կդառնան համընդգրկուն ու կտարածվեն աշխարհով մեկ։ Ֆրանսիան ընկալում է այս իրողությունը և ձգտում է նպաստել իր գործընկերոջ՝ Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը, քանի որ աշխարհը կանգնած է  գլոբալ առճակատման ուղու վրա։

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի դիմակայել Ադրբեջանին։ Նույնիսկ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության արարողությունից հետո Բաքվից հնչեցին ապակառուցողական հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ և չի ձգտում խաղաղության, այլ շարունակաբար պատրաստվում է պատերազմի։ Այդ պայմաններում Հայաստանը պետք է խթանի իր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացման գործընթացը, բարձրացնի իր դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը և կարողանա իր զինված ուժերի մակարդակը հասցնել այն աստիճանի, որ ուժերի հարաբերակցության հավասարակշռությունը մեր տարածաշրջանում վերականգնվի։ Մնացած բոլոր հարցերն արդեն կրում են ածանցյալ բնույթ»,- եզրափակեց քաղաքագետը։        

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am