Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանի հարվածների փաթեթն ուժի ցուցադրում էր․ փորձագետը՝ Իրան-Պակիստան լարվածության մասին

Իրանի հարվածների փաթեթն ուժի ցուցադրում էր․ փորձագետը՝ Իրան-Պակիստան 
լարվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվածներ հասցնելով Պակիստանին՝ Իրանն, ըստ էության, գործեց այն ոճով, ինչպես Իրաքյան Քրդստանի և Սիրիայի պարագայում, որտեղ նույնպես տեսավ սպառնալիք իսրայելական ներկայության տեսքով։ Իրանն այդ կերպ իրականացրեց գործողությունների փաթեթ՝ ցույց տալով իր ուժն ու հղելով համապատասխան ուղերձ, որ պատրաստ է պատասխանել իր շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Իրանի և Պակիստանի միջև սրված հարաբերությունների դրդապատճառներին։ 
«Իրականում Իրանի և Պակիստանի միջև հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բնորոշվում են որպես բարիդրացիական, սակայն երկու երկրների միջև կա լուրջ խնդիր, որն առնչվում է սահմանային անվտանգությանը։

Պակիստանի Բելուջիստան նահանգը սահմանակից է Իրանի համանուն նահանգին, և պակիստանյան կողմում գործում են անջատողական-ահաբեկչական խմբավորումներ, որոնք պարբերաբար հարձակումներ են գործում Իրանի վրա՝ ներթափանցելով հարևան երկրի տարածք և տեղում իրականացնելով զինված գործողություններ՝ հաճախ բախվում են Իրանի սահմանապահ զինուժի ներկայացուցիչների հետ»,- ասաց իրանագետը։ 

Վարդանյանը հիշեցրեց, որ տվյալ խնդիրը եղել է տարիներ շարունակ և վերջին զարգացումներն այդ առումով նորություն չեն։ Իրանական կողմը մշտապես բարձրաձայնել է տվյալ խնդիրը՝ Պակիստանի իշխանություններին կոչ անելով վնասազերծել այդ խմբավորումներին, որպեսզի այլևս չներթափանցեն իր տարածք։ Վարդանյանի խոսքով՝ այդ խմբավորումները սպառնալիք են ներկայացնում հենց Պակիստանի համար։ Նախկինում նույնպես գրանցվել են դեպքեր, երբ Իրանը յոթ տարի առաջ հարվածներ է հասցրել հայտնի  խմբավորումներին՝ «Գունդոլլահ»-ին և «Ջաիշ ալ Ադլ»-ին, սակայն տարբերությունն այն է, որ այն ժամանակ Պակիստանը պատասխան հարված չհասցրեց։

«Իրանական կողմի համար Պակիստանի նման պետության արձագանքն ինչ-որ տեղ անսպասելի էր, ինչը հանգեցրեց նրան, որ կողմերը շատ արագ սկսեցին աշխատել իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Երկու երկրների արտգործնախարարների միջև կայացան հեռախոսազրույցներ, իրանական հանրային խոսույթում առաջ քաշվեց այն թեզը, որ դա ընդամենը սահմանային միջադեպ էր, որն ավելի շատ չի խորանա։ Արդեն խոսվում է Իրանի արտգործնախարարի՝ Իսլամաբադ կատարելիք այցի մասին։ Իրանի քայլը պետք է դիտարկել նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից թիրախավորվում են տարածաշրջանում իրանամետ պրոքսի ուժերը, որոնք վերջին շրջանում տվեցին բազմաթիվ զոհեր։ Այդ ֆոնին Իրանը հանդես եկավ ուժի ցուցադրմամբ, երբ գրեթե միաժամանակյա հարվածներ հասցրեց Սիրիայում, Իրաքում և Պակիստանում գործող անջատողական ահաբեկիչներին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նրա տեղեկացմամբ՝ բելուջական խմբավորումները հիմնականում գործում են ընդհատակյա և պակիստանյան իշխանությունների վերահսկողությունից դուրս են ու դրանով իսկ խնդիրներ են առաջացնում երկրի ղեկավարության համար, քանզի նրանց գործողությունները ցիկլի նման պարբերաբար կրկնվում են։ Փորձագիտական շրջանակներում առաջ է տարվում այն խոսույթը, որ նրանց դեմ պայքարում պետք է միատեղվեն բոլոր գործողությունները, բայց, քանի որ այդ խմբավորումները գործում են Պակիստանում, հետևաբար այդ երկիրն ունի առաջնային անելիքներ։ 

Վարդանյանն ասաց, որ կոնկրետ բելուջիների դեպքում իրանական կողմը պնդում է իսրայելական ներկայության մասին։ Որոշ ժամանակ առաջ շրջանառվում էր նաև Սաուդյան Արաբիայի անունը, բայց, քանի որ Իրանի և այդ արաբական երկրի հարաբերությունները ջերմացել ու կարգավորվել են, ուստի Սաուդյան Արաբյան անջատողական ահաբեկիչների ուղղությամբ առանձնապես ակտիվ չէ։ Իսկ Իսրայելն առհասարակ ակտիվ է ցանկացած վայրում, որտեղ հնարավոր է գործել Իրանի դեմ, ու,  քանի որ Պակիստանում գործող խմբավորումները սնվում և աջակցություն են ստանում մի քանի աղբյուրներից, հետևաբար դրանց թվում դիտարկվում է նաև հրեաների պետությունը։ 

Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Իսլամաբադ կատարելիք այցին՝ իրանագետն ընդգծեց, որ այդ այցով փորձ կարվի դադարեցնել երկուստեք լարվածությունը, դեսպանները նորից կվերսկսեն իրենց աշխատանքը և արդեն հետագայում, երբ բելուջական խմբավորումների հետ կապված խնդիրը վերստին գլուխ կբարձրացնի, կողմերը կգործեն համատեղ, սինխրոնացված։ Իրանը դժվար թե նորից հարվածներ հասցնի Պակիստանին, եթե վերոհիշյալ խմբավորումները շատ ավելի լուրջ սպառնալիք չներկայացնեն։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։ Իսկ հունվարի 18-ին Պակիստանն էր հարվածել Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգին՝ դա պատճառաբանելով նրանով, որ թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այս հարվածների հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am