Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ՀՀ ԿԳՄՍ փոխնարարար Սվաջյան

ԼՂ-ից բռնի տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ՀՀ 
ԿԳՄՍ փոխնարարար Սվաջյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դեկտեմբերի 12-ին Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը:

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ընտրել իրենց բնակության վայրում հարմար դպրոց, արտամրցութային կարգով անցնել աշխատանքի և ունենալ 30 տոկոս հավելավճար: Իսկ որոշ մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի և Վայոց ձորի բոլոր դպրոցներում, իսկ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքների ուսհաստատություններում ունենալ ևս 50 հազար դրամ հավելավճար: Այս պահի դրությամբ՝ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», - տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ արդեն կազմվել են խմբերը և ժամանակացույցը, և մինչև դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը:

Ինչ վերաբերում է Երևանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում կրթությունը շարունակող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ, վերջին տվյալներով, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է 1231, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: «Այս ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա օրերին Կառավարության կողմից կհաստատվի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները երկու հիմնական խմբի են բաժանվում. մի խումբն այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցում էր ԼՂ կառավարությունը, իսկ երկրորդ խմբի ուսանողների ուսման վարձը վճարել են նրանց ընտանիքները, որոնք հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Նոր որոշման ընդունման պարագայում կկարողանանք փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը»,- ամփոփել է Արաքսիա Սվաջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am