Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստան-սփյուռք հարաբերություններում վերջին երեք-չորս տարիների ընթացքում մոտեցումներն արմատապես փոխվել են. Սինանյան

Հայաստան-սփյուռք հարաբերություններում վերջին երեք-չորս տարիների 
ընթացքում մոտեցումներն արմատապես փոխվել են. Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ խնդիրները, որոնք այսօր ծառացել են Հայաստանի առջև, հաճախ պարունակում են իրավական տարր և քանի որ հայկական սփյուռքում առկա է հսկայական իրավաբանական ներուժ գրեթե բոլոր բնագավառներում, ուստի մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ ունեցող իրավաբանների ներուժի օգտագործումը հայկական օրակարգին առնչվող հիմնահարցերի լուծման գործում կապահովի մեծ արդյունք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սինանյանը նշեց, որ Երևանում կայացած սփյուռքահայ և հայաստանյան իրավաբանների համաժողովի, ինչպեսև հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների վերջնանպատակը հայկական ներուժի ներգրավումն է Հայաստանի ներպետական ընդհանուր աշխատանքներում՝ ամրացնելով պետականությունը, անվտանգ դարձնելով պետության հիմքերն ու ուժեղացնելով հայկական սփյուռքը։ Տվյալ համաժողովն անցկացվեց «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» նշանաբանով։  

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Նման համաժողովների ժամանակ միշտ մեր առջև նպատակ ենք դնում ստեղծել ցանցայնություն՝ այս դեպքում իրավաբանների ու այն մասնագետների միջև, որոնց գործունեությունն առնչվում է իրավագիտության հետ։ Համագործակցության առումով շատ կարևոր են մի քանի բաղադրիչներ։ Նախ՝ ուղղությունը, որը պետք է հստակեցվի գործընկերների հետ համատեղ քննարկումների միջոցով, երկրորդ՝ համատեղ աշխատանքների կոորդինացիան, երրորդ՝ աշխատանքի արդյունքների ճիշտ կապիտալիզացիան։ Մեր աշխատաոճը բոլոր հարցերի լուծման ճանապարհին համագործակցության սկզբունքի կիրառումն է»,-ասաց Սինանյանը։

Նրա պնդմամբ՝ այն, որ համաժողովին մասնակցում էին ՀՀ իրավադատական համակարգի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, վկայում է կազմակերպված միջոցառման կարևորության մասին, քանի որ առանց մասնագիտական կարողություններն օգտագործելու, առանց օրենքների մշակման և օրենսդրական բարեփոխումների հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։

Համաժողովի պանելային քննարկումից առաջ, որը կրում էր «Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում» անվանումը, Սինանյանն իր բացման խոսքում նշեց, որ իր ղեկավարած գրասենյակն առաջնորդվում է սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող հստակ գաղափարախոսությամբ, որը խարսխված է երկուստեք անկեղծության և սփյուռքի համար Հայաստանի դռները հնարավորինս լայն բացելու հոգեբանության վրա։

«Եթե նախկինում Հայաստան-սփյուռք հարաբերությունները գլխավորապես հիմնված են եղել բարեգործության, նյութական աջակցություն տրամադրելու և ստանալու վրա, ինչը երկարաժամկետ կտրվածքով կործանարար է եղել բոլորիս համար, ապա վերջին երեք-չորս տարիների ընթացքում մոտեցումը արմատապես փոխվել է և այն հիմնված է կենսական գաղափարներն իրագործելու ճանապարհին ընդհանուր ուժերն օգտագործելու վրա։ Ուժ ասելով՝ չենք ընկալում լոկ ֆինանսական հնարավորությունները։ Ճիշտ է, սփյուռքն այդ իմաստով ունի մեծ ներուժ, սակայն դա մեր առաջնահերթությունների ցուցակում գրավում է վերջին տեղը, կարևորը նախևառաջ մեր հայրենակիցների մասնագիտական հնարավորությունների օգտագործումն է, մեր պետականության կերտման բեռի  ու պատասխանատվության հավասար կրումը, որովհետև Հայաստանը մարմնավորում է ողջ հայության իղձերը»,- պարզաբանեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իրականացվող ծրագրերի թվում առանձնացրեց «իԳործ» նախագիծը, որը մեկնարկել է 2020 թվականից և հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Ըստ պետական հաստատությունների կարիքների՝ ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները սկսում են աշխատել և հնարավորություն են ունենում ներդնել իրենց փորձն ու գիտելիքները կառույցների բարելավման, քաղաքականության և ծրագրերի զարգացման աշխատանքներում։ Սինանյանի տեղեկացմամբ՝ մինչ օրս դիմել են 1750 մասնագետներ 30-ից ավելի երկրներից, որոնցից 150-ն աշխատանքի են անցել հայաստանյան տասնյակ գերատեսչություններում։ Նախորդ տարիների մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվել է։ Մասնակիցներից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, ինչպիսիք են՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի, էկոնոմիկայի փոխնախարարի, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» ղեկավարի և այլ պաշտոններ։

Ընթացքի մեջ է նաև սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի գործարկման ծրագիրը։ Առաջին նշանակումը տեղի է ունեցել երկու ամիս առաջ Լեհաստանում։ Թեկնածուները  համայնքների ներկայացուցիչներն են, ովքեր ունեն համապատասխան ներուժ և հասկանում են համատեղ ջանքերով պետականաշինության բեռը կիսելու կարևորությունը։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իրավաբաններին, Սինանյանն ընդգծեց, որ տվյալ մասնագիտությունն առանձնահատուկ է, արհեստավարժ իրավաբաններն աշխատում են բոլոր բնագավառներում և առանց նրանց մասնագիտական գործունեության ոչինչ տեղից չի շարժվում։

«Մեր նպատակն է, որ այս կարևոր օղակը հավուր պատշաճի գործի Հայաստանում, քանզի բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ն լինի օրենքի երկիր, օրենքի գերակայությամբ պետություն»,-եզրափակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։     

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am