Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը խաղաղության իր պատկերացումները որևէ կերպ չի հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին. Փաշինյան

Հայաստանը խաղաղության իր պատկերացումները որևէ կերպ չի հակադրում 
խաղաղության տարածաշրջանային շահերին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը. չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար Հայաստանը խաղաղության իր պատկերացումները որևէ կերպ չի հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին և չի տարանջատում դրանցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե «Միջազգային իրավիճակն ակնհայտորեն փոփոխվել է վերջին երեք տարիներին։ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը և ԱՄՆ իր դաշնակիցների հետ միասին հակառակ բևեռներում են։ Ըստ Ձեզ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա, Նիկոլ Փաշինյանը համոզմունք  է հայտնել, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: «Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա:

Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, որովհետև տեսեք՝ շատ կարևոր մի նրբություն, որը ես՝ նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

«Եթե անդրադարձ կատարենք հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև հարաբերություններին դարերի ընթացքում, չէի ցանկանա ասել այս բաժանումը, բայց գուցե շատերի համար դավաճանված լինելու զգացողությունը, այս լարվածությունը որքանո՞վ է պատմական» հարցին անդրադառնալով՝ նա նկատել է. «Գիտեք, եթե Դուք պատմական կոնտեքստն եք ընդգծում, ես այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ»:

Նա շատ կարևոր հանգամանք է համարել այն, «թե մենք ինչքանո՞վ կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև, երբ  չունենք ձևակերպված տարածաշրջանային շահեր, ընդ որում, այս համատեքստում տարածաշրջանային շահեր ասածը կարող ենք հասկանալ մի քիչ ավելի նեղ և մի քիչ ավելի լայն՝ Հարավային Կովկասի և ավելի լայն համատեքստում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ բան կախված է տարածաշրջանային շահեր ձևավորելու կարողությունից, որովհետև երբ չկան ձևակերպված տարածաշրջանային շահեր, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ: «Բայց հենց այդ լարումները կառավարելու ճիշտ և գրագետ ձևը տարածաշրջանային շահերի մասին պատկերացումներ ունենալն է, որովհետև գիտեք՝ մենք չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները և ժողովուրդները լինեն նույնական՝ նույնական մտածողությամբ, նույնական պատկերացումներով, ընկալումներով և այդպես շարունակ, և պետք էլ չէ դա անել: Պետք չէ դա անել, որովհետև այն, ինչ դառնում է հակասությունների պատճառ, երբեմն կարող է փոխլրացման պատճառ դառնալ, էլ չեմ ասում, որ այդ մշակույթները, պատմությունները, ավանդույթները կարող են մեկը մեկին լրացնել:

Բայց պետք է գտնել այդ բանաձևը, ինչպես դրանք ձևակերպել և դասավորել, որ դրանք ոչ թե բախվեն, այլ մեկը մեկին լրացնեն, մեկը մեկին ընդգծեն, ուժեղացնեն՝ գուցե:

Այսինքն` մենք ոչ թե խնդիրը դրել ենք՝ չենք կարողանում լուծել, մենք նորմալ խնդիրն էլ չենք դրել, այսինքն` դեռ վերնագիրը չունենք: Հիմա կարծում եմ, որ մենք այդ վերնագիրը պետք է ունենանք և փորձենք այդ վերնագրի ներքո ստեղծել բովանդակություն: Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք: Ես չեմ կարող պարծենալ, որ մենք տարածաշրջանում այդ աշխատանքը բավարար չափով անում ենք, բայց կարծում եմ, որ եթե մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն հայտնի են և որոնց մասին ասացի, նման բան ունենալու հնարավորությունները կմեծանան»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am