Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ 
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար կարևորեց միջազգային առաքելության տեղակայումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը այս մասին նշեց ՄԱԿ ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ հրավիրված նիստում:

«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զարգացում: «Սակայն այս պահին  իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,-ասաց նա:

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների և ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին»,-նշեց ԱՄՆ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, որ ԱՄՆ-ն իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից ի վեր՝ արձագանքելով ճգնաժամին: 

«Բայց եկեք հստակ հասկանանք իրավիճակը՝ ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությանը վերջ տալու և տևական խաղաղության միջոցով, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, թե որքան կարևոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին՝ առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ»,-ասաց նա:

ԱՄՆ ներկայացուցիչը վստահեցրեց նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am