Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու պատճառներն ավելի խորքային են. վրացագետ

Վրաստանի նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու 
պատճառներն ավելի խորքային են. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ թեև Վրաստանում օրենսդրական որոշ սահմանափակումները, որոնք սահմանադրորեն վերաբերում են նախագահին և պատճառ են հանդիսացել կառավարության կողմից նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար, այդուհանդերձ, Վրաստանում ավելի խորքային խնդիրներ են ի հայտ եկել։ «Արմենպրես»հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջին տարիներին հանդես է գալիս կառավարության գործունեությունը քննադատող խիստ կեցվածքով։

Նշենք, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը նաև խորհրդարանում մեծամասնություն է կազմում, սկսել է անհրաժեշտ ձայներ հավաքել Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով: Դրա պատճառն այն է, որ Զուրաբիշվիլին իր արտասահմանյան այցերը չի համաձայնեցրել կառավարության հետ։ Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։

«Զուրաբիշվիլին իշխանության եկավ հենց իշխող ուժի աջակցությամբ, բայց մեկ տարի էլ չանցավ և նրանց միջև առաջացան խնդիրներ։ Նախագահը չէր հնազանդվում և պարբերաբար կառավարության հասցեին հանդես էր գալիս խիստ քննադատական հայտարարություններով։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ նա օրենսդիր մարմնի նախաձեռնությունները չի վավերացրել ու վերադարձրել է խորհրդարան, որոշ դեպքերում էլ կիրառել է վետոյի իր իրավունքը։ Հակամարտության վերջին փուլն ազդարարեց նոր դեսպանների նշանակման գործընթացը, որին ավելացան ԵՄ-Վրաստան հարաբերություններում առկա խնդիրները՝ կապված Զուրաբիշվիլիի քննադատական կոշտ հայտարարությունների հետ, որոնք առնչվում էին ԵՄ ասոցացման գործընթացում կարգավիճակ ստանալ-չստանալուն»,- ասաց Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ այսօր խնդիրն այն չէ, որ իշխող ուժը չի ցանկանում, որպեսզի նախագահն այցելի եվրոպական երկրներ, այլ պարզապես հարցն այն է, թե ինչ է նա խոսելու արտասահմանյան հարթակներում։ Ակնհայտ է, որ Զուրաբիշվիլին, ով եկող տարի ավարտելու է իր լիազորությունները, վերջին շրջանի գործունեությամբ փորձում է հիմք դնել ապագայում քաղաքականության մեջ մնալուն։ Ամիսներ առաջ նա նույնիսկ հանդես էր եկել կանանց միավորում ստեղծելու գաղափարով և պարբերաբար հանդիպումներ էր ունենում կին քաղաքական գործիչների հետ և քննարկում օրակարգային կարևոր հարցեր։

«Կառավարության և նախագահի միջև հակասությունները ժամանակի հետ խորացան՝ հիմք ստեղծելով մի գործընթացի, որի բարեհաջող ավարտը շատ քիչ հավանական է, քանի որ իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը։ Եթե նույնիսկ իշխող ուժը միավորվի նախկին գործընկերների հետ, կրկին չի ունենա փոփոխությունների հասնելու հնարավորություն։ Անհնար է պատկերացնել, որ այդ հարցում «Վրացական երազանքին» կմիանան անգամ Սահակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչները»,- ասաց Մելիքյանը։

Այդուհանդերձ, վրացագետը շեշտեց, որ վերոհիշյալ քայլը կատարվում է այն նպատակով, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե որքան դժգոհ է հանրապետության նախագահից, նրա քայլերից։ Այս գործընթացում կողմերը միմյանց թիրախավորելու են, առավել ևս, որ սեպտեմբերի 1-ից Վրաստանում մեկնարկել է նախընտրական տարին։ 2024 թվականին նախանշված են խորհրդարանական նոր ընտրություններ։

«Եթե իշխող ուժին այս փուլում չհաջողվի պաշտոնաթող անել նախագահին, այդուհանդերձ, եկող տարի խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ձեռնամուխ կլինի նոր նախագահի նշանակմանը։ Վրաստանում համակարգն այլ է, 150 պատգամավորներին միանում են նույնքան ներկայացուցիչներ տարածքային կառավարման մարմիններից՝ կայացնելով կոլեգիալ որոշում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մելիքյանը հիշեցրեց, որ Վրաստանի գործող կառավարության իշխանավարության  օրոք պաշտոնավարել են երկու նախագահներ, բայց երկուսն էլ խնդիրներ են ունեցել իշխող ուժի հետ, թեև սկզբում նրանց աջակցել են ու սատարել, և ի տարբերություն Մարգվելաշվիլիի, գործող նախագահն իր պաշտոնը ստանձնելիս արդեն կայացած քաղաքական գործիչ էր, սակայն նա չկարողացավ ընդդիմության և իշխող ուժի միջև հավասարակշռությունը պահպանել, ինչի արդյունքում գործադիր մարմինն ընթացիկ տարում նույնիսկ խուսափում էր նրա հետ հանդիպումներից, անգամ նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ արտասահմանյան դեսպանատները չէին դիմավորում նրան ու չէին զբաղվում արարողակարգային հարցերով։         

Իսկ այն նարատիվները, որ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծված արևմտամետ քաղաքական գործիչ է, իսկ ներկայիս կառավարությունն ավելի ռուսամետ քաղաքականություն է վարում և պատժամիջոցների հարցում հարյուր տոկոսով տուրք չի տալիս Արևմուտքին, ինչն էլ, ըստ էության, նախագահ-կառավարություն հակամարտության պատճառ է դարձել, Մելիքյանի կարծիքով՝ խիստ կասկածելի են և հիմքեր չունեն, քանի որ Վրաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիսանում է հենց եվրաատլանտյան ինտեգրման ջատագով և այդ ճանապարհին շարունակում է կատարել գործնական քայլեր։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am