Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Անվանի հյուրեր և հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր. Երևանում մեկնարկեց քսաներորդ «Ոսկե ծիրան»-ը

Անվանի հյուրեր և հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր. Երևանում մեկնարկեց քսաներորդ «Ոսկե ծիրան»-ը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը քսան տարի անընդմեջ հյուրընկալում է աշխարհում մեծ ճանաչում վայելող կինոգործիչների, Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր և հրաշալի հարթակ դառնում կինոարվեստ նոր մուտք գործող երիտասարդների համար: Հոբելյանական փառատոնը, որն անցկացվում է հուլիսի 9-16-ը, մեկնարկեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

TAT_1031.jpg (1.14 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոն ի բացումը վստահված էր ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» կինոնկարին, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

«Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է: Այն անվերջ սպասման մասին է: Ե՛վ բովանդակային, և՛ այլ գործոններ նպաստեցին ֆիլմի ընտրությանը, իսկ մյուս շերտերը հնարավոր է բացահայտել՝ դիտելով կինոնկարը»,- նշեց կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

TAT_1054 (1).jpg (714 KB)

Խոսելով փառատոնի խորագրից, որն է՝ «Հետ նայելով գալիքին», նա ընդգծեց՝ ցանկանում են ոչ թե կենտրոնանալ փառատոնի քսան տարին ամփոփելու վրա, այլ ցույց տալ, որ 20-ամյակն ավելի հեռուն նայելու առիթ է: «Քսան  տարին մեծ թիվ չէ համաշխարհային փառատոնային իրականությունում, սակայն անկախ Հայաստանի պատմության ընթացքում «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակը եզակի մշակութային ինստիտուցիա է, որը ոչ միայն դիմակայել է տարբեր դժվարությունների, այլև յուրաքանչյուր տարի փորձել է կատարել և՛ ամփոփելու, և՛ ժամանակի ոգին որսալու, մատնանշելու գործառույթ»,- շեշտեց Ավետիսյանը:

Նա յուրահատուկ համարեց հոբելյանական փառատոնի բոլոր միջոցառումներն ու ֆիլմերը, սակայն նշեց՝ կան պատվավոր հյուրեր, որոնց առանձնացնում են՝ հաշվի առնելով նրանց դերը համաշխարհային կինոյում: «Այս տարի  հյուրընկալել ենք օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասին, բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններին, որոնք Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ են,  ճապոնացի ռեժիսոր, դերասան Տակեշի Կիտանոյին։ Կիտանոն եկել է ոչ որպես աստղ, այլ որպես մեծ արվեստագետ, որը ստեղծագործում է տարբեր ոլորտներում»,- ասաց Կարեն Ավետիսյանը, որը պատվավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրներին:

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ «Փարաջանովյան թալեր» հանձնեց ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, նկարիչ, հեռուստահաղորդավար, բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոյին:

Նա հիշեց՝ տարիներ առաջ իր «Սահման» ֆիլմն է ներկայացրել Տոկիոյի փառատոնում: «Զարմացած, վախեցած էի՝ տեսնելով Ճապոնիան, մարդկանց: Ասացի՝ կուզեմ տեսնել ձեր լավագույն, մեծ կինոռեժիսորին՝ Կիտանոյին: Ինձ պատասխանեցին, որ նա նաև սցենարիստ է, դերասան, հաղորդավար, որ նա ճապոնական կինոյի աստվածն է: Ինձ  թույլ չտվեցին հանդիպելու այդ «Աստծո» հետ, և մենք ստիպված նրան հրավիրեցինք Երևան»,- պատմեց Խաչատրյանը:

TAT_1396.jpg (646 KB)

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ տարին հոբելյանական է ոչ միայն փառատոնի համար: Տարին մեկնակել են՝ նշելով հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը, հայկական անիմացիայի 85-ամյակը: «Քսանամյակը շատ բան է նշանակում և ցույց է տալիս, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է միջազգային կինոտոն՝ դուրս գալով  Հայաստանի սահմաններից: Մենք ամեն տարի հնարավորություն ունենք առնչվելու  միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ցուցադրված լավագույն ֆիլմերին և հյուրընկալելու կինոաշխարհի համաշխարհային դեմքերին, ինչը նոր պայմաններ է ստեղծում նաև Հայաստանում կինոարտադրության զարգացման համար»,- ասաց նախարարը և ուրախալի համարեց այն, որ փառատոնին ցուցադրվելու են 4 տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց շարքում երկու տասնյակից ավելի հայկական արտադրության կինոնկար կա, և դրանց մեծ մասը պետական աջակցություն է ստացել:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կինոն հաղթահարում է քաղաքական, ռասայական, էթնիկ, կրոնական և այլ սահմաններ, իսկ «Ոսկե ծիրան»-ը նաև ապագայի ծրագրերը քննարկելու հարթակ է:

TAT_1259.jpg (527 KB)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ «Ոսկե ծիրան»-ը տարիների ընթացքում մասշտաբով ու որակով ավելի լավն է դառնում, սակայն  ըստ նրա՝ հայկական կինոն դեռևս իր լավագույն օրերը չի ապրում, չնայած կան հույսեր, կա կամք, կան հիանալի ռեժիսորներ ու դերասաններ և կա ցանկություն միասնական ջանքերով հայկական կինոն բարձրացնելու համար: «Երևանի քաղաքապետարանն այս տարվանից սկսելու է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայկական կինոյի զարգացման ուղղությամբ»,- ասաց Ավինյանն ու շնորհավորեց փառատոնի նախաձեռնողներին ու երկրպագուներին գեղեցիկ տոնի առթիվ:

TAT_1271.jpg (554 KB)

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր. տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Լիամետրաժ կինոյի մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

TAT_1226.jpg (948 KB) 

Պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։

Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Կինոփառատոնի Gaiff Pro կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։

Երևանի կինոյի տունը և «Մոսկվա» կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական հանդիպումները կանցկացվեն Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում։

«Ոսկե ծիրան»-ի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am