ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հույս ունի, որ Ադրբեջանը ևս համաձայնություն կտա ադրբեջանական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության համար, սակայն այս առումով լավատեսական ազդակներ չեն ստացվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ հրավիրեց ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Եվ լիահույս ենք, որ ադրբեջանական կողմը նույնպես համաձայնություն կտա՝ ադրբեջանական կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար»,-ասաց Ռոթը:
Սակայն, ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում նման առաքելության հիմնմանը՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ ամենևին էլ լավատեսական ազդակներ չեն ստացել Ադրբեջանից, թեև համարում են, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է:
«Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության կայունացմանը: Սա առաջարկ է, որը ներկայացնում ենք կողմերին ու սպասում նրանց արձագանքին»,-ասաց նա: