Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վարչապետն Արցախի գործընկերներին կոչ է անում պատրաստակամությամբ մոտենալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևավորման օրակարգին

Վարչապետն Արցախի գործընկերներին կոչ է անում պատրաստակամությամբ 
մոտենալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևավորման օրակարգին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բանաձև է համարում  Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային ձևաչափով երկխոսությունը, որում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգության ապահովման հարցերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս կարծիքը հայտնեց Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ Արցախի խորհրդարանի մայիսի 22-ի տարածած հայտարարության վերաբերյալ։ Ալեքսանյանը վարչապետին ուղղված հարցում անդրադարձավ 2 օր առաջ Արցախի Ազգային ժողովի հրատապ նիստում հնչած ելույթներին` նշելով, որ իր մոտ տպավորություն էր, թե Արցախի պատգամավորները ՀՀ իշխանություններին փորձում էին ասել, որ չեն ուզում Ադրբեջանի հետ բանակցել, որ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեն, իսկ Արցախից ասեն՝ ինչպես բանակցել։

«Կարծում եմ՝ ճիշտ բանաձև է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։

Կարծում եմ՝  դա ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղղություն է։ Նաև կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին, այնուամենայնիվ, համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին: Իհարկե, մյուս կողմից էլ նաև Բաքվից էլ այդ պատրաստակամությունը պետք է լինի, որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։ Եվ գուցե դա է պատճառը նման վերաբերմունքի և ռեակցիայի։ Եկեք շատ արագ հետևություններ չանենք»,-  ասաց վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am