Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Սպանություններ այբբենական կարգով»-ն՝ առաջատար. թարգմանական. ապրիլ, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Սպանություններ այբբենական կարգով»-ն՝ առաջատար. 
թարգմանական. ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքն առաջին տեղում է։ 1936 թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Երկրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Շագանակագույն կոստյումով մարդը»։ 1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է:

Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը չորրորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։ Թարգմանությունն անգլերենից` Արամ Արսենյանի։

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» գիրքը հինգերորդ տեղում է։ Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը. նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Վեցերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» գիրքը։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935 թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում: Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։

Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» յոթերորդ տեղում է։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լեւիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։ Հետեւելով բախտագուշակի կանխատեսումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն: Այնտեղ Ալիսը բացահայտում է իր կյանքի իրական պատմությունը։ Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ռուզան Միրզոյանի։

Ութերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Տասներորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Ագաթա Քրիստի, «Սպանություններ այբբենական կարգով» 

Էդիթ Պրինտ 60
2 0

Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 55
3 * Շագանակագույն-կոստյումով-մարդը-1.jpg (45 KB)

Ագաթա Քրիստի, «Շագանակագույն կոստյումով մարդը» 

Էդիթ Պրինտ 51
4 +1

Դեն Բրաուն, «Հրեշտակներ և դևեր»

Զանգակ 42
5 նոր 00-00173605.jpg (58 KB)

Քարեն Մակմանուս, «Մեզնից մեկը ստում է»   

Newmag 40
6 *

Ագաթա Քրիստի, «Մահ ամպերի մեջ» 

Էդիթ Պրինտ 37
7 * Պարոն-Դալդրիի-տարօրինակ-ճամփորդությունը-01-960x1536.jpg (89 KB)

Մարկ Լեւի, «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Անտարես 34
8 -4

Ագաթա Քրիստի, «Դիակը գրադարանում» 

Էդիթ Պրինտ 30
9 -2

Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը»

Անտարես 29
10 *

Ագաթա Քրիստի, «Մահ Նեղոսի վրա»

Էդիթ Պրինտ 27

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am