Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Podcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներին

Podcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի 
ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զեղչված գրքեր, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ Հայաստանի և արտերկրի գրողների, հրատարակիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ ու հետաքրքիր քննարկումներ գրականության շուրջ:

Մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ քաղաքին կոչ անելով կարդալ:

8D1A5953.JPG (377 KB)

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը հիշեցնում է՝ փառատոնն անցկացվում է 2017 թվականից և նպատակը գրականության, գրահրատարակչության ոլորտների բոլոր մասնագետներին մեկ հարթակում միավորելն է եղել: 

«Հայաստանում կային տարաբնույթ գրական միջոցառումներ, սակայն չկար մեծ հարթակ, որտեղ կլինեին բոլորը, և Գրքի երևանյան փառատոնը եկավ լրացնելու այն բացը, որ տասնամյակներ շարունակ նկատվում էր մեր գրական իրականությունում: Փառատոնը միջազգային ձևաչափի անցավ Գրքի երևանյան 5-րդ փառատոնից, այսինքն՝  2022-ից, երբ մենք հրավիրեցինք գրողների յոթ երկրից, սակայն չասացինք, որ այն միջազգային փառատոն է, քանի որ մտավախություն կար, որ հնարավոր չի լինի պահպանել այդ կարգավիճակը: Կենտրոնացրինք ջանքերն ու այս տարի պաշտոնապես հայտարարում ենք, որ Գրքի երևանյան փառատոնը միջազգային է»,-շեշտում է Սարգսյանը:

Ուրախալի հանգամանք է այն, որ փառատոնը միացել է պոեզիայի ամենամեծ «Վերսոպոլիս» հարթակին՝ դառնալով նրա հովանավորությամբ իրականացվող  նախաձեռնություն: «Վերսոպոլիս»-ը Եվրոպական Միության  «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հարթակներից է ու նպատակն է աջակցել գրականության զարգացմանն ամբողջ Եվրոպայում:

Սարգսյանի խոսքով՝ փառատոնը մեծ հաջողություն է ունեցել ժամանակակից գրականության հանրայնացման գործում: «2019 թվականին սկսեցինք պոեզիայի ընթերցումների շարքը, ինչը նորություն էր: Դերասան Բաբկեն Չոբանյանը կարդում էր Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը՝ Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը» բանաստեղծությունը և այլն: Հոլովակները տարբեր սոցիալական հարթակներում բազմաթիվ դիտումներ ունեին: Այդ նախաձեռնությունը վարակիչ դարձավ, ու տարիներ անց Հանրային հեռուստաընկերությունն սկսեց «Էջանիշ» հաղորդաշարը, որի ընթացքում լուսաբանվում է և՛ դասական, և՛ ժամանակակից գրականությունը»,-հիշեցնում է Սարգսյանը:

2023-ին Գրքի երևանյան միջազգային փառատոնի ընթացքում նախատեսված է 25 միջոցառում՝ բանախոսություններ, վարպետության դասեր, գրական բանավեճեր, որոնք ներկայանալու հրաշալի հարթակ են գրողների համար:

Մայիսի 25-ին ընթերցողները հնարավորություն կունենան հանդիպելու գրող, սցենարիստ, հաղորդավար Տատյանա Տոլստայայի հետ,  նույն օրը տեղի կունենա «Լավ էլի» խմբի համերգը, փառատոնի օրերին կլինի հանդիպում Արմեն Զախարյանի  հետ: Նախատեսվում են Արամ Պաչյանի, Էրիկ Էմանուել Շմիտի և այլ հեղինակների գրքերի շնորհանդեսները, սակայն փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը գրական մրցույթն է, որը նոր հեռանկարներ է բացում ստեղծագործողների առաջ:

Արմեն Սարգսյանի հավաստիացմամբ՝ փառատոնի գրական մրցույթը գրական Հայաստանում մեծ հեղինակություն ունի: «Այս տարի ունեցել ենք 118 հայտ 4 անվանակարգում՝ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն»: Նախորդ տարի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում հաղթեց 20-ամյա Խաչիկ Գրիգորյանը, որը որպես գրող անծանոթ էր մեր հասարակությանը: Ժյուրիի կազմում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը, որը համագործակցում է «Զանգակ» հրատարակչության հետ: «Զանգակ»-ը Խաչիկին առաջարկեց առանձին գրքով հրատարակել այդ ստեղծագործությունը»,-պատմում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա կարծում է՝ գրողի կենսագրության մեջ Գրքի երևանյան փառատոնի մրցանակը ստացած լինելու հանգամանքը կարևոր է և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am