Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադան կշարունակի խթանել խաղաղությունն ու արդարությունը. Թրյուդոն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով

Կանադան կշարունակի խթանել խաղաղությունն ու արդարությունը. Թրյուդոն՝ 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն միանում է Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝  ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրյուդոն իր հայտարարությունում նշել է. «Այսօր մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք 1915-1923 թթ. հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագություններին ու հիշում բոլոր զոհերին և նրանց, ովքեր կրել են անասելի տառապանքներ»:

Կանադայի վարչապետը, խոսելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից ու բոլոր նրանցից, ովքեր շարունակում են ապրել այս աներևակայելի ողբերգության միջսերնդային տրավմայի հետ, նշել է. «Նրանց ուժն ու ճկունությունը մեզ հիշեցնում է մեր հավաքական պատասխանատվության մասին՝ դեմ կանգնելու ատելության բոլոր դրսևորումներին՝ երբ և որտեղ էլ այն տեղի ունենա: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել խարանից, հալածանքներից և խտրականությունից զերծ կյանքով»:

Թյրուդոն hավելել է՝ Կանադայում ապրիլը ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է: Դա կանադացիների համար ժամանակ է՝  հիշելու ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհերին, դատապարտելու ատելությունը, որը հանգեցնում է նման ողբերգությունների և անդրադառնալու նրան, թե ինչպես կարելի է կանխել դրանց կրկնությունը: Նա վստահեցրել է՝ Կանադան միշտ կկանգնի անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ և կշարունակի խթանել խաղաղությունն ու արդարությունը բոլորի համար:

«Քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ես հրավիրում եմ բոլոր կանադացիներին՝ ծանոթանալու մարդկության պատմության այս մութ գլխին, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և համերաշխություն հայտնելու հայ համայնքին, այդ թվում՝ հայկական ժառանգություն ունեցող կանադացիների հետ, ովքեր շարունակում են օգնել՝ Կանադան դարձնելու հզոր ու ներառական երկիր: Սովորելու և երկխոսության միջոցով մենք կարող ենք հավաստիանալ, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի, և մենք կարող ենք կառուցել նախապաշարմունքներից զերծ աշխարհ»,-եզրափակել է Կանադայի վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]