Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաղաղության գործընթացը պետք է առաջ շարժվի․ Ռումինիայի վարչապետը ողջունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը

Խաղաղության գործընթացը պետք է առաջ շարժվի․ Ռումինիայի վարչապետը 
ողջունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռումինական պետական Agerpres գործակալությունը:

Հաղորդվում է, որ վարչապետ Նիկոլաե Չուկան Վիկտորիա պալատում ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։

Կողմերը քննարկել են ընդլայնված Սևծովյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, որն առաջացել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների և տարածաշրջանում խաղաղության գործընթացի զարգացումների հետևանքով։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Ռումինիայի վարչապետը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների վիճակը։ Ռումինիայի վարչապետն ընդգծել է երկկողմ լավ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը՝ առևտրի մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների։ Միաժամանակ վարչապետ Չուկան ընդգծել է տարածաշրջանի կայունացման և խաղաղությանն ուղղված քայլերի կարևորությունը՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մեկնարկած խաղաղության գործընթացին և Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությանը մասնակցությանը։

«Խաղաղության գործընթացը պետք է առաջ շարժվի, և տարածաշրջանում իրավիճակը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով բոլոր պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը», - ասել է Ռումինիայի վարչապետը։

Վկայակոչելով աղբյուրին՝ Agerpres-ը նշում է, որ տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խթանումն, ինչպես նաև Եվրամիության առաջարկած ձևաչափերի հետ մերձեցումն առաջնահերթ նշանակություն ունեն այդ թվում՝ ընդլայնված Սևծովյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, ինչը կարող է Հայաստանին ավելի ակտիվ դերակատարում տալ Եվրոպական միության հետ կապված տնտեսական նախագծերի տեսանկյունից:

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:

Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:

Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am