Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում. ԱԽ քարտուղար

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմին կարող է 
անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և այդ մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ ներկայում աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նախ, անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստում մտցվե՞լ է «կառուցողական անորոշություն» եզրույթ, որը թույլ կտա երկու կողմերին ԼՂ խնդրի շուրջ յուրովի մեկնաբանություն ունենալ՝ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում: Նա շեշտեց, որ խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ ամեն ինչ հնարավորինս հստակ լինի: Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա: Հայաստանը կողմ է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով գոնե 3 տարվա փորձը:

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև: Եվ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա: Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում: Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների, կամ այլ ֆորմատով: Դա հստակ չէ, քննարկման առարկա է, պետք է շարունակենք քննարկել՝ հստակեցնելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության շուրջ:

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի՝ իր առաջարկած տեքստին ստացել է պատասխան: Հիմա հայկական կողմն է աշխատում դրա ուղղությամբ: ԱԽ քարտուղարը կարծում է ՝ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի և  հայկական կողմը կփոխանցի Ադրբեջանին: Գրիգորյանը, սակայն, չկարողացավ ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա:

Հարցին, թե այդ քննարկվող և իրար փոխանցվող տեքստում  Ղարաբաղի մասին հիշատակում կա արդյոք,  Գրիգորյանը դրական պատասխան տվեց:  Սակայն ԱԽ քարտուղարը կարևորեց հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am