Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ հիմնադրի ստեղծած Iris հավելվածը արհեստական բանականության միջոցով զուգընկեր է գտնում

Հայ հիմնադրի ստեղծած Iris հավելվածը արհեստական բանականության 
միջոցով զուգընկեր է գտնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականությունը, մուտք գործելով աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներ, բաց չի թողել նաև մարդկանց անձնական կյանքը՝ սեր, հարաբերություններ: 

TAT_4166.JPG (349 KB)

FAST-ի հրեշտակների ցանցի համանախագահ, Oracle ընկերության նախկին փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը, ով նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին (8848 մետր) է եղել, ստեղծել է ժամադրությունների Iris հավելվածը, որն արհեստական բանականության միջոցով օգնում է մարդկանց գտնել իրենց սերը։  

TAT_4201.JPG (266 KB)

«Մի օր Նյու Յորքի սրճարաններից մեկում դուռը բացվեց ու ներս մտավ մի կին, որը հաշված վայրկյանների ընթացքում ինձ գրավեց։ Սկսեցի վերլուծել, թե ինչու նրան գրավիչ համարեցի՝ առանց նրա մասին որևէ տեղեկություն իմանալու։ Բայց մեր ուղեղը վայրկյանների ընթացքում նշաններ է ուղարկում այն մասին, որ տվյալ անձը քո համար գրավիչ է։ Մտածեցի՝ արդյո՞ք հնարավոր է մշակել արհեստական բանականության այնպիսի մոդել, որը կկարողանա հասկանալ, թե ով է մեզ դուր գալիս։ Խնդիրը բարդ էր, բայց ի վերջո մեզ հաջողվեց ստանալ դա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Խալաթյանը։

TAT_4211.JPG (325 KB)

Հարթակն օգտատիրոջը լուսանկարների շարք է ցուցադրում: Օգտատերը գրանցվելիս ընտրում է՝ ում է հավանում, ում՝ ոչ։ Արհեստական բանականությունը սովորում է ու սկսում է առաջարկել նոր նկարներ, որոնք արդեն դուր կգան տվյալ օգտատիրոջը։ Այս կերպով մարդն անցնում է, այսպես կոչված, Iris training ու հավելվածի մոտ ստեղծվում է տվյալ օգտատիրոջ թվային կլոնը։ 

«Iris-ն արդեն ունի 2 միլիոն օգտատեր տարբեր երկրներում և ներկայում մուտք է գործում հայկական շուկա։ Պատմության մեջ առաջին անգամ արհեստական բանականությունը սկսել է հասկանալ գրավչության սկզբունքները»։

TAT_4213.JPG (315 KB)

Հիմնադրի խոսքով՝ Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքներից են սկսել՝ Նյու Յորք, Չիկագո, Դալլաս, Մայամի և այլն։ Վերջերս մուտք են գործել նաև Բրազիլիա, Արգենտինա, Հնդկաստան, Մեքսիկա։ Հայաստանում նույնպես սկսում են տարածվել։

Խալաթյանը շեշտում է՝ իրենց հավելվածը շատ է տարբերվում մնացած նմանատիպ հարթակներից: Մտածել են նաև վտանգների մասին: Ստուգում են catfish (կեղծ առցանց պրոֆիլի ստեղծում՝ հարաբերություններ փնտրող մարդկանց խաբելու նպատակով) դեպքերն ու շատ չափանիշներ։ Օգտատերերը գրանցվելիս նույնականացվում են սելֆիով. կեղծ էջ բացել հնարավոր չէ։

«Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն այդ պահին ժամադրում է Լոնդոնում, բայց մենք տեսնում ենք, որ տվյալ անձը այլ երկրում կամ վայրում է գտնվում, ավտոմատ արգելափակում ենք։ Մեր հավելված մուտք գործելիս օգտատերը պետք է սելֆի անի, և եթե նկարը չհամընկնի իր տեղադրած գլխավոր նկարի հետ, ապա այդ օգտատիրոջը ևս արգելափակում ենք, իսկ նման դեպքեր մեզ մոտ շատ են պատահել»,- ասաց հիմադիրը: 

TAT_4230.JPG (312 KB)

Խալաթյանը նշեց՝ ունեցած տվյալների բազան իրենց թույլ է տալիս նոր գաղափարի վրա աշխատել: Ունեն 2 միլիոն օգտատիրոջ թվային կլոններ, որն իրենց թույլ է տալիս ոչ միայն Iris հավելվածի համար մշակումներ անել, այլև այդ տվյալները այլ ոլորտներում կիրառել։

«Հիմա փորձում ենք այդ տեխնոլոգիան կիրառել մեր կողմից մշակված կոսմետիկ միջամտությունների համար նախատեսված Best look ծրագրում։ Այն կօգնի հասկանալ, թե որ միջամտությունն է ավելի համապատասխան այս կամ այն մարդուն։ Տեխնոլոգիան կարող է նաև գուշակել, թե որ թվային գովազդը կարող է ավելի արդյունավետ լինել»,- ասաց Խալաթյանը: 

Նրա համոզմամբ՝ թվային կլոնների բազան շատ տարբեր ոլորտներում ու ուղղություններով կարելի է կիրառել: 

Կարինե Տերտերյան 







Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am