Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զելենսկին ՆԱՏՕ-ից կործանիչներ է խնդրել, Արևմուտքում այդ թեմայի շուրջ քննարկումներ են սկսվել

Զելենսկին ՆԱՏՕ-ից կործանիչներ է խնդրել, Արևմուտքում այդ թեմայի շուրջ քննարկումներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանից հետո, երբ արևմտյան երկրները հայտարարել են Կիևին տանկեր մատակարարելու մտադրության մասին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքնաթիռներ և հրթիռներ է խնդրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր ուղերձում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: «Այսօր ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Մենք պետք է հանենք Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռների մատակարարման արգելքը, հարկավոր է, որ մենք ընդլայնենք համագործակցությունը հրետանու ոլորտում, մենք պետք է հասնենք Ուկրաինային ինքնաթիռների մատակարարմանը», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է կործանիչներ ստանալ Արևմուտքից։ «Եթե մենք ստանանք դրանք, ապա առավելությունները մարտի դաշտում պարզապես հսկայական կլինեն:

Դրանք միայն F-16-երը չեն: Չորրորդ սերնդի ինքնաթիռներ՝ մեզ դա է անհրաժեշտ»,- ասել է նա Reuters գործակալությանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Սպիտակ տանը, ԱՄՆ-ը հույս ունի, որ Ուկրաինային զենքի մատակարարումը ոչ միայն Կիևին կօգնի պաշտպանության հարցում, այլև թույլ կտա նրան գրավել կորցրած տարածքները, այդ թվում՝ Ղրիմը։

Իր հերթին Politico-ն գրում է, որ արևմտյան երկրները ներքին քննարկումներ են անցկացնում Ուկրաինա կործանիչներ տեղափոխելու հնարավորության շուրջ, սակայն շատերը մտավախություն ունեն, որ դրա վերաբերյալ որոշումը կարող է հանգեցնել հակամարտության սրման։ Հրատարակությունը գրում է, որ ըստ մի շարք արևմտյան դիվանագետների ու ռազմական շրջանակների ներկայացուցիչների՝ Ուկրաինան և բալթյան երկրները կործանիչների մատակարարման հարցում ճնշում են գործադրում Արևմուտքի վրա։

«Կործանիչները կլինեն հաջորդ տրամաբանական քայլը»,- հրատարակությանն ասել է Հյուսիսային Եվրոպայից մի դիվանագետ: Դիվանագետը նաև նշել է, որ Վաշինգտոնը Կիևին հայտնել է, որ «ներկայում» կործանիչների մատակարարման մասին խոսք լինել չի կարող։ Եվրոպական երկրի մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ էլ հրատարակությանը հայտնել է, որ կործանիչների մատակարարումն «այսօր ամենևին հնարավոր չԷ պատկերացնել», սակայն համապատասխան քննարկում կարող է սկսվել «երկու-երեք շաբաթից»։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել էր Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ մատակարարելու հարցը՝ նշելով, որ հարկավոր է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից: Առանձին պաշտոնատար անձինք այն կարծիքին են, որ հարցը կարող է արծարծվել հաջորդ ամիս Գերմանիայում ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում կայանալիք հանդիպման ժամանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am