Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն մեծացնում է ազդեցությունը Եվրամիության անվտանգային համակարգում

ՆԱՏՕ-ն մեծացնում է ազդեցությունը Եվրամիության անվտանգային համակարգում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգային համակարգում ավելի մեծ դերակատարություն է ստանձնում, ինչը հուշում է, որ Արեւմուտքը ձգտում է արդյունավետ դարձնել ռազմաքաղաքական ներուժի կառավարումը։ Եվրախորհրդարանի հունվարի 18-ի նիստում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության մասին հռչակագիրն ուղղված է ԵՄ ռազմական դերի ամրապնդմանը, այդ թվում՝ ռազմատեխնոլոգիական առումով։ Հիշեցնենք, որ հռչակագիրը ստորագրվել է հունվարի 10-ին եւ ուղղված է ԵՄ գործիքների, այդ թվում՝ տնտեսական, ռազմական նպատակների օգտագործմանը։ ԵՄ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության խորացմանն արձագանքել է ռուսական կողմը. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համատեղ հռչակագիրը Եվրոպային ուղղակիորեն դնում է Հյուսիսատլանտյան դաշինքի վերահսկողության տակ: Նա ընդգծել է, որ «Եվրոպան կորցրել է իր անկախությունը»։

Հունվարի 18-19-ը Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմնի՝ Ռազմական կոմիտեի հանդիպումը գլխավոր շտաբների պետերի մակարդակով։ Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշնակիցների ռազմական ղեկավարները ներկայացնելու են դաշինքի քաղաքական նպատակներն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, ինչպես նաեւ «քննարկելու են ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունները եւ կարողությունը պաշտպանելու Հյուսիսատլանտյան դաշինքը բոլոր մարտահրավերներից այժմ եւ ապագայում»: Կազմակերպության 30 անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի հետ հանդիպմանը մասնակցում են նաեւ դաշինքին անդամակցելու թեկնածու երկրների՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է պատրաստ լինեն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հետ երկար առճակատմանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն նշել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է շարունակեն մեծացնել ռազմական ծախսերը, որոնց արդյունքում ՀՆԱ-ի 2 տոկոսը պետք է դառնա ռազմական ծախսերի բազային, այլ ոչ թե առավելագույն մակարդակը։ Մյուս հայտարարությունը վերաբերում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ընդլայնմանը, մասնավորապես, խոսքը վերաբերում է տարածաշրջանում դաշինքի մարտական խմբերը բրիգադներ դարձնելու մասին։

ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրները նույնպես մեծացնում են իրենց ռազմական հնարավորությունները, ինչը կենսական է դարձել ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Հասկանալի է, որ ՌԴ-ՆԱՏՕ կամ ՌԴ-ԵՄ ռազմական բախման պարագայում առաջին հարվածը ստանալու են արեւելաեվրոպական երկրները։ «Defense News»-ի տեղեկացմամբ՝ Էստոնիայի ՊՆ-ն հայտարարել է, որ եւս 12 միավոր «K9 Thunder» հաուբից է (հրետանային ռազմատեխնիկայի մաս.- խմբ.) պատվիրել հարավկորեական «Hanwha» ընկերությանը՝ շարունակելով ներդրումներ կատարել հրետանային զինանոցի ընդլայնման մեջ։ Էստոնիայի զինված ուժերը նախատեսում են ձեռք բերել նաեւ հարավկորեական ինքնագնաց հրետանու (ACS) ընդհանուր 36 կայանք։ Երկրի ազգային պաշտպանության ներդրումային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ պայմանագրի արժեքը մոտ 36 մլն եվրո է (39 մլն դոլար)։ Ըստ նույն աղբյուրի՝ Լեհաստանը նույնպես նախկինում պատվիրել է 155 մմ տրամաչափի «K9 Thunder» ինքնագնաց հաուբիցներ, ընդ որում՝ 24 հարվածային համակարգերից առաջին խմբաքանակը ստացել է անցյալ ամիս: Ընդհանուր առմամբ, հարավկորեական «Hanwha»-ն լեհ զինվորականներին պետք է մատակարարի 212 «K9 Thunders» ինքնագնաց հաուբիցներ, եւ եւս 460 հաուբից կարող է արտադրվել Լեհաստանի պաշտպանական արդյունաբերության կողմից՝ լիցենզիայի հիման վրա: Հավելենք, որ Էստոնիան նախորդ տարվա դեկտեմբերին պայմանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ գնելու վեց «M142» բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգեր («HIMARS»)։ Նմանատիպ պայմանագիր էր ստորագրել նաեւ Լիտվան։ Բալթյան երրորդ երկիրը՝ Լատվիան, նույնպես մտադիր է իր զինված ուժերի համար գնել «HIMARS» համակարգերից։

Այսպիսով՝ Եվրամիությունն իր անվտանգության ապահովումը պատվիրակում է ՆԱՏՕ-ին եւ հրաժարվում է սեփական անկախ անվտանգության համակարգը զարգացնելու ծրագրերից։ ԵՄ-ն ուներ եվրոպական զինված ուժեր ստեղծելու հավակնոտ ծրագրեր, այդ հարցով առավել հետաքրքրված են Ֆրանսիան եւ Գերմանիան։ Դեռեւս անցած տարվա մարտին խոսք կար «ԵՄ ռազմավարական կողմնացույց» կոչվող պաշտպանության հայեցակարգի մասին։ Այն ԵՄ-ին տրամադրում է գործողությունների բավականին հավակնոտ ծրագիր՝ ուժեղացնելու ԵՄ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականությունը մինչեւ 2030 թ., այդ թվում՝ ներառում է 5000 հոգանոց ԵՄ արագ արձագանքման ուժեր ստեղծելու որոշումը: Դրա հիմքում ընկած էր Եվրամիության ցանկությունը՝ գործելու ՆԱՏՕ-ից անկախ եւ ինքնուրույն ապահովելու սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նման զարգացումներն այս պահին առանցքային չեն ԵՄ-ի համար։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ուկրաինական ճգնաժամը բացարձակապես գերիշխող է դարձրել ԱՄՆ-ի դերը Արեւմտյան Եվրոպայի անվտանգության ապահովման գործում, քանի որ տրամադրվող օգնության առյուծի բաժինը, հատկապես անվտանգության եւ ռազմական ոլորտում, ամերիկյան է։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի մենաշնորհ դիրքի ամրապնդմամբ հետաքրքրված է Մեծ Բրիտանիան, որը, դուրս գալով ԵՄ-ից՝ կկարողանա ապահովել իր ներկայությունը համաեվրոպական խնդիրների լուծմանը ՆԱՏՕ-ի միջնորդությամբ։ Մայրցամաքում Մեծ Բրիտանիայի ուժեղացմամբ կշահի նաեւ Լեհաստանը, որը բրիտանաամերիկյան ազդեցության տիրույթում է։

Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի սերտաճման շահառուների թվում է նաեւ Թուրքիան, որը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ուժեղ բանակ ունեցող երկրորդ երկիրը, հետեւաբար՝ ԵՄ-ի անվտանգային համակարգում ՆԱՏՕ-ի դերի առավել մեծացմամբ կուժեղանա նաեւ Թուրքիայի ազդեցության լծակների շրջանակը ԵՄ օրակարգի վրա։

Թե որքանով երկարաժամկետ կլինի եվրոպական անվտանգության համակարգում ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի դերի ամրապնդումը, պայմանավորված կլինի ինչպես ուկրաինական ճգնաժամի ընթացքով եւ արդյունքներով, այնպես էլ ԵՄ առանցքային երկրների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի գործադրած ջանքերով։ Հավակնոտ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տնտեսության ուժեղացում, այնինչ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումն էապես վնասել է նաեւ ԵՄ-ին։ Փաստ է, որ ներկա իրավիճակում կասեցված է ռազմական ինքնուրույնությամբ անկախ աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու՝ Եվրամիության ցանկությունը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am