Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բաքվի պերճանքն ու թշվառությունը

Բաքվի պերճանքն ու թշվառությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնուամենայնիվ, ինչ-որ հանելուկային բան կա հայկական հանդուրժողականության, անաչառության, անշահախնդրության եւ թուրք-ադրբեջանական ցեղատեսակի անհանդուրժողականության, շահամոլության, վայրենաբարո բարբարոսության՝ անհամեմատելի բախման միջեւ, ինչը տարօրինակության աստիճան թվում է անբացատրելի, թեեւ բացատրության փորձեր եղել եւ արվում են։ Ու միշտ հարց է ծագում, թե ինչու թուրք-ադրբեջանական տեսակը չի հանդուրժում հատկապես նրանց, ում արարչական բարիքից առատորեն օգտվում է...

Կարծում եմ` ադրբեջանցիների համար եւս գաղտնիք չէ, որ մինչեւ 1917 թ. հեղափոխությունը Հայաստանը, Վրաստանը, ներկայիս Ադրբեջանը, Արցախը Ռուսական կայսրության կազմում էին, իսկ հիշյալ տարածքները բնակեցված էին բազմաթիվ ազգերով, որոնցից միայն ադրբեջանցիներն են իրականացրել ցեղասպանություն։ Միայն Բաքվում ադրբեջանցիները երեք անգամ հայերի սպանդ, խոշտանգում, կողոպուտ ու արտաքսում են իրականացրել։ Հատկանշականն այն է, որ բոլոր դեպքերում էլ այն իրագործվել է Ռուսաստանի համար ճակատագրական պահերի, երբ միջազգային ասպարեզում նրա դիրքերն սկսել են խարխլվել։ Այդպես էր 1904-05 թթ., երբ մի կողմից Ռուսաստանում բռնկվեց առաջին հեղափոխական ալիքը, մյուս կողմից՝ ռուս-ճապոնական պատերազմում ռուսների տանուլ տալը, այդպես էր 1917 թ. հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանը քայքայման եզրին էր քաղաքացիական բախումների հետեւանքով, այդպես եղավ 1988-90-ականներին, երբ կործանվում էր արդեն ԽՍՀՄ-ը, որի հենասյունը նույնպես Ռուսաստանն էր։

Ներկայում եւս Ադրբեջանը գլուխ է բարձրացրել Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ, հայերի դեմ՝ դարձյալ օգտվելով Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումներից, շատ լավ գիտակցելով Հայաստանում Ռուսաստանի շահերը։ Եվ հիմա հարց է ծագում՝ արդյոք Ադրբեջանը ՌԴ-ի հետ այսօր կամ երբեւէ եղե՞լ է գործընկերային հարաբերությունների մեջ, ինչպես որ ջանում է իրեն ներկայացնել ադրբեջանական իշխանական վերնախավը, որ ուղնուծուծով հայերի հանդեպ բռնությունների ու վայրագությունների՝ իր նախորդների հավատարիմ ժառանգորդն է։ 1990 թ. հունվարյան այս օրերին, մասնավորապես 13-19-ին Բաքվում կազմակերպված ջարդերի հետեւանքով Ադրբեջանի մայրաքաղաքը լիովին հայաթափվեց, մինչդեռ այդտեղ հայերի թիվն այդ ժամանակ ավելի քան 250 հազար էր։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության վարչական անձնակազմը՝ տրամադրելով հայերի բնակարանների հասցեները, իսկ շտապօգնության բժիշկները հայերի մահը վերագրում էին սրտային խանգարումների, չնայած այրված դիերի, մարմինների վրա բռնության, դանակահարության հետքերի ու խոշտանգումների բացահայտ առկայության։ Այսպիսին են այլազգիների հետ համակեցության ադրբեջանական «մարդասիրական» ու «խաղաղապաշտ» վավերագրերի պատկերները։

Որ Բաքուն բազմազգ էր 19-րդ դարավերջին ու 20-ի սկզբներին, եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ լծվել էին այն գեղեցիկ քաղաք դարձնելու գործին, որոնց թվում պակաս չէր հայերի դերակատարությունը, պետք է որ հայտնի լինի եւ ադրբեջանցիներին։ Քաղաքն իր դեմքով պարտական է ճարտարապետությանն ու ճարտարապետներին, իսկ Բաքվի կառուցման գործում նշանակալի ներդրում են ունեցել հայ ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանը, Ն. Բաեւը, Վ. Սարգիսովը, Հ. Քաջազնունին (Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ), Ֆ. Աղալյանը, Մ. Տեր-Գրիգորյանցը, Ա. Կանդինյանը եւ այլք: Մինչդեռ հայերը կառուցում էին Բաքուն, այնտեղ կազմակերպվում էին հայկական ջարդեր։ 1899-1912 թթ. Բաքվում աշխատում ու ստեղծագործում էր հայ նշանավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը, ում նախագծերով կառուցվեցին Յուզբաշյանների առանձնատունը (1900-1901), Ադամյան եղբայրների եկամտաբեր տները (1908-1909), Թաղիեւ եղբայրների եկամտաբեր տները (1909-1911), Սադիխով եղբայրների եկամտաբեր տները (1909-1912), Թիֆլիսի առեւտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901), Բաքվի առեւտրային ուսումնարանը (1904), Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա), պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926), Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-1935, որը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացավ Մեծ մրցանակի ու ոսկե մեդալի՝ 1937) եւ այլն։

Տեր-Միքելյանը կառույցների հեղինակ է եւ Յալթայում, Թբիլիսիում, ինչը դուրս է նեղ ազգայնականության շրջանակներից եւ վկայում է արվեստի վերանձնային լինելու, մարդասիրական մղումների մասին։

Հունվարյան այս օրերին, երբ հայ ժողովուրդը հիշում է 1990 թ. Բաքվի հայկական ջարդերն ու նաեւ մտովի անդրադառնում նախորդ դաժան դեպքերին, ակամա հիշում է նաեւ այդ քաղաքը կառուցող հայ ճարտարապետներին ու նախ եւ առաջ՝ Գաբրիել Տեր-Միքելյանին, ում հիշատակի օրը ճակատագրորեն համընկնում է հունվարի 14-ի հետ, նա, ով շենացրեց Բաքուն՝ թողնելով պայծառ հիշատակ՝ հակառակ միմյանց հերթագայող ադրբեջանական իշխանությունների, որ Բաքուն վերածեցին մռայլ ու մղձավանջային հիշողությունների, մարդատյաց սեւ ցուցակով խավարչտին մի բանի...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am