Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օվկիանոսում մարդու գործունեությունը կործանարար հետևանքներ ունի ծովային կաթնասունների համար. գիտնականները դելֆինների վրա փորձ են կատարել

Օվկիանոսում մարդու գործունեությունը կործանարար հետևանքներ ունի ծովային 
կաթնասունների համար. գիտնականները դելֆինների վրա փորձ են կատարել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովային շատ կաթնասուններ, թեև ի վիճակի չեն խոսելու, սակայն համատեղ որսի, վերարտադրման և համագործակցություն պահանջող այլ գործողությունների ժամանակ ապավինում են հաղորդակցությանը՝ օգտագործելով ձայնային ազդանշաններ: Հետևաբար, էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է նրանց բավական բարդ «լեզուն»:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին մարդու գործունեության հետևանքով օվկիանոսների աղտոտումը կտրուկ աճել է և արդեն իսկ կործանարար ազդեցություն ունի որոշ կենդանիների համար: Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ նավերի և հորատման հարթակների աղմուկը կետերի մոտ առաջացնում է կեսոնային հիվանդություն, փոխում է նրանց վարքը, և նրանք սկսում են ափ նետվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Եվ հիմա, ինչպես պարզվում է, նույնիսկ դելֆինները երբեմն չեն կարողանում այնքան բարձր ճիչեր արձակել, որպեսզի լսելի դառնան միմյանց համար, ինչն, ի վերջո, կարող է բացասաբար ազդել նրանց առողջության և պոպուլյացիայի թվաքանակի վրա։

«Եթե վայրի բնության մեջ կենդանիների խմբերը չեն կարողանում հաջողությամբ կազմակերպել համատեղ սնվելու գործընթացը, ապա դա կարող է բացասաբար ազդել առանձնյակների, հետևաբար նաև՝ ամբողջ պոպուլյացիայի առողջության վրա», - նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բրիստոլի համալսարանի դոցենտ Ստեֆանի Քինգը:

Ձայնը ծովային կենդանիների համար տեղեկատվության ամենակարևոր աղբյուրներից մեկն է: Ի տարբերություն լույսի՝ ջրում ձայնը տարածվում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կիլոմետրեր: Արդյունքում կետանմանները, այդ թվում՝ դելֆինները, ստեղծել են ձայների միջոցով հաղորդակցության բարդ համակարգ։

Դելֆինները ստիպված են իրենց ձայնը բարձրացնել, որպեսզի գերազանցեն օվկիանոսում մարդու գործունեության արդյունքում առաջացած աղմուկը:

_128279133_reese3.jpg (52 KB)

«Նախորդ հետազոտություններից մենք գիտեինք, որ աղմկային աղտոտումն ազդում է կենդանիների վրա, բայց մենք առաջին անգամ հետևեցինք, թե ինչպես է աղմուկն ազդում նրանց փոխազդեցության վրա», - ասում է Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ, Բրիստոլի համալսարանի աշխատակցուհի Պերնիլ Մայեր Սորենսենը: Նա հետազոտությանը ներգրավել է Սենտ Էնդրյուսի համալսարանի Դելֆինների հետազոտման ​​կենտրոնի իր գործընկերներին:

Փակ ծովալճակում անցկացված հետազոտությանը մասնակցել են Դելտա և Ռիսի անուններով երկու շշաքիթ դելֆիններ (աֆալինա): Դելֆիններն աշխատել են իրենց մարզիչների հետ և պետք է ցուցադրեին համատեղ գործունեություն. նրանք հերթով, որոշակի ընդմիջումներով, պետք է սեղմեին հսկիչ կոճակը:

Երկու դելֆինների վրա էլ ամրացված են եղել ձայնի և շարժման սենսորներ: Փորձերի ժամանակ պարզվել է, որ երբ ծովածոցում մարդածին աղմուկի մակարդակը բարձրանում էր, դելֆինները փորձում էին ավելի բարձր ճիչ արձակել՝ կրկնապատկելով իրենց արձակած ձայների տևողությունը և դրանց բարձրությունը։ Ընդ որում, Ռիսն ու Դելտան փորձում էին նայել միմյանց, քանի որ դելֆիններն ունեն ուղղորդված լսողություն, և երբ նրանք տեսնում են միմյանց, նրանց համար ավելի հեշտ է ընդհանուր աղմուկի ֆոնին հասկանալ ընկերոջ ասածը։

Այնուամենայնիվ, չնայած դելֆինների բոլոր ջանքերին, բարձր աղմկային աղտոտման դեպքում Դելտան և Ռիսը կարողացել են միմյանց ճիշտ լսել միայն 62,5% դեպքերում, մինչդեռ միայն ֆոնային աղմուկի դեպքում նրանք միմյանց հասկացել են 85% դեպքերում:

Ընդ որում, դելֆինները ենթարկվել են 150 դեցիբելից ոչ բարձր աղմուկի ազդեցության։ Իսկ օրինակ, մեծ լցանավը շարժվելիս արձակում է 200 դեցիբել ձայն:

_128274051_strandedkillerwhale.jpg (77 KB)

Սորենսենը նշում է, որ եթե դելֆինը ենթարկվում է աղմուկի, որը խանգարում է նրան համատեղ որսի ժամանակ շփվել ընկերների հետ, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ դելֆինը կորցնի նորմալ սնվելու հնարավորությունը, ինչը կազդի նրա առողջության վրա։

Ըստ Սորենսենի՝ հավանական է, որ վայրի դելֆինները նույնիսկ ավելի վատ արձագանքեն աղմկային աղտոտմանը, քան հետազոտական ​​կենտրոնի դելֆինները: Ի վերջո, Դելտան և Ռիսը շատ մոտիվացված կենդանիներ են, որոնք հիանալի հասկանում են իրենց առաջադրանքը և դա արել են հարյուրավոր անգամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am