Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ 
որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել:

«Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա: Նախ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրա համար շատ երկար ճանապարհ դեռ կա»,- ասաց Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Եվրոդատարանը որոշում է կայացրել ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am