Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան մոտ ներկայացրեցին այդ երկրից իրենց ակնկալիքները

Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները Չինաստանի դեսպանատան 
մոտ ներկայացրեցին այդ երկրից իրենց ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է.  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հույս հայտնեց, որ Չինաստանը կարող է այս  հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման  թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի  կյանքի իրավունքի պաշտպանության կարևորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց Չինաստանի դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ:

«Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից  մեկը և կարևորագույն դերակատարություն ունի աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում: Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ հայ ժողովրդի պատմական  բարեկամական  հարաբերությունները և նաև այն հանգամանքը, որ Չինաստանը ևս կարող է այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դարձնել քննարկման  թեմա և առաջ մղել Արցախի ժողովրդի  կայնքի իրավունքի պաշտպանության կարևորագույն  հարցը՝ մենք որոշել ենք մեր պատրաստած  նամակը փոխանցել նաև Հայաստանում  Չինաստանի ներկայացուցչին»,- ասաց  Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ ակնհայտ է, որ  Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. հատկապես սկսած 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից՝ Ադրբեջանը  առավել ինտենսիվ  կերպով խախտում է  հայտարարության գրեթե բոլոր դրույթները:

Ըստ նրա՝ որպեսզի Արցախը կարողանա միջազգային հստակ երաշխիքներ ունենալ, անհրաժեշտ է գործարկել ՄԱԿ-ի համապատասխան գործիքակազմը, իսկ դրա համար հարցը պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և անվտանգության խորհրդի բոլոր անդամները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն:

«Այսօր մենք այստեղ ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ Արցախում այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները, և այսօր՝ ձմեռվա այս պայմաններում, 120 հազար մարդ զրկված է ջեռուցման, տաք ջրի հնարավորությունից և այլ կենսական նշանակության պայմաններից: Արցախում այս պահին դադարեցված են  դպրոցների, մանկապարտեզների աշխատանքները, դժվարություններով  են աշխատում հիվանդանոցները: Այս  հումանիտար ճգնաժամը հաղթահարելու  համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում, այդ թվում՝ Չինաստանը»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը :

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին Չինաստանի կառավարությանը՝ օգտագործել իր հեղինակությունը և հնարավորությունները Արցախի շուրջ ստեղծված այս աղետալի  հարցը միջազգային  հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար և սատար կանգնել Արցախի ժողովրդին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am