Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ուղղությունները

ՀՀ ԱՍՀ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտային 
համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարանաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի դեսպանության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այս հանդիպումը ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված ևս մեկ առիթ է․ «Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը։ Հուսով ենք՝ համագործակցությունը կլինի շարունակական, և կարձանագրենք ցանկալի արդյունք»։

Նշվում է, որ դեսպան Ֆան Յոնգը ևս կարևորել է համագործակցության շրջանակի ընդլայնման ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով այս ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկել․ «Հիմա Հայաստանը գտնվում է դժվար  ժամանակահատվածում։ Շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կանի հնարավորը, որպեսզի կարողանա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am