Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Փորձագետը Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման համաձայնությունը փակուղուց դուրս գալու նախադրյալ է համարում

Փորձագետը Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման համաձայնությունը փակուղուց 
դուրս գալու նախադրյալ է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման համաձայնությունը փակուղուց դուրս գալու նախադրյալ կարող է համարվել: Նման գնահատական տվեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով միջազգային լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Լիբանանն ու Իսրայելը ծովային սահմանագծման ծրագրին համաձայնության նշաններ են ցույց տալիս:

«Եթե հանկարծակի նոր խնդիրներ չծագեն,պաշտոնական հայտարարությունները այս առումով կլինեն շուտով։ Իսրայելի վարչապետն արդեն հայտարարել է, որ Լիբանանի հետ պատմական համաձայնության են հանգել այս առումով, իսկ իր լիբանանցի պաշտոնակիցը կոչ է արել ներգրավված ընկերություններին անմիջապես սկսել լիբանանյան ջրերում հետազոտական գործնական աշխատանքները»,-նկատեց փորձագետը:

Բանակցություններն ընթանում էին միջնորդավորված․ ամերիկացի հատուկ բանագնացը այցեր էր կատարում Բեյրութ եւ Թել Ավիվ։ Գանտահարյանը միջնորդավորումը բացատրում է այն հանգամանքով, որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մի քանի հանգամանք պետք է նկատի ունենալ։ Կար շտապողականություն եւ ճնշում այս գործընթացն արագացնելու եւ դա կապված է ռուսական գազի արտահանման արգելքի աշխարհաքաղաքականության եւ այլընտրանքային շուկաներ եւ արտադրամասեր աշխատեցնելու շարժառիթների հետ։ Գործընթացի կայացումը կամ առկախում-վերագործարկումը սերտորեն կապված էր նաեւ Վիեննայի բանակցությունների ելևէջների հետ»,-նշեց նա։

Իրանյան գործոնը Լիբանանում ազդեցիկ է, եւ գործընթացները Շահան Գանտահարյանը դիտարկում է Իրան-Արեւմուտք հարաբերակցության շրջածիրում։ «Ընդծովյա էներգիայի այս խնդրի լուծումը պայմաններից մեկն է Լիբանանի դեմ իրականացվող ֆինանսատնտեսական շրջափակման։ Փակուղուց դուրս գալու նախադրյալ կարող է համարվել ծովային սահմանագծման համաձայնությունը։ Համենայնդեպս չի նշանակում, որ միանգամից Լիբանանը դուրս կգա փակուղուց։ Շուտով Լիբանանի խորհրդարանը պետք է ընտրի հանրապետության նախագահ․ կա դեռեւս կառավարության կազմավորման խնդիր։ Այս ամենին զուգահեռ սիրիացի փախստականների վերադարձ, Լիբանանում ապրող պաղեստինցի զանգվածի վերջնական բնակեցման միջազգային պահանջ եւ տարածարջանային տարողությամբ նման խնդիրներ»,-եզրափակեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am