Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բուհերի 29 ուսանող արժանացավ ՏՏ բնագավառում կրթական մրցանակի

Հայաստանի բուհերի 29 ուսանող արժանացավ ՏՏ բնագավառում կրթական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 29 ուսանող արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ վարչապետի կրթական մրցանակների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի մրցանակները հոկտեմբերի 7-ին «Սինոփսիս»-ում հանձնաժողով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և  խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կրթական 6 մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները շնորհվում են ամեն տարի: Այս տարի արդեն 18-րդ անգամ տեղի ունեցավ  ուսանողներին կրթական պարգևների մրցանակաբաշխությունը։ 

«Ինձ համար պատիվ է այսօր վարչապետի անունից շնորհելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները: Գաղտնիք չէ, որ ՏՏ զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար մերօրյա իրականության մեջ: Մենք զարգացումը կարևորում ենք ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաև դիտարկում ենք որպես բոլոր առանցքային և կենսական նշանակություն ունենք ոլորտների զարգացման շարժիչ ուժ, ի վերջո նաև մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ»,-ասաց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այդ ուսանողներն իրենց գիտելիքներով, ստեղծագործությամբ և հմտություններով ստեղծում են վաղվա Հայաստանը:

Ամեն անվանակարգի համար համալսարանները ներկայացնում են 10-ական ուսանողներ: Այս տարի հարցազրույցներին մասնակցել են 6 բուհերի 116 ուսանողներ: Մրցանակի արժանացավ 29-ը, գլխավոր մրցանակ 2022-ին չշնորհվեց: Հանձնվեցին լավագույն բակալավր, լավագույն մագիստրանտ և լավագույն ասպիրանտ անվանակարգերում 1-ին և 2-րդ կարգի մրցանակներ:

Մրցանակակիրներից է  նաև Հայ-ռուսական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Գիսանե Խաչատրյանը, որը սովորում է Կենսաինժեներայի և կենսաինֆորմատիկայի բաժնում: «Մենք ուսումնասիրում ենք կենսաբանական տարբեր հիվանդություններ: Կոնկրետ ես զբաղվում եմ գենետիկական տարբեր հիվանդությունների ուսումնասիրմամբ՝ հենց համակարգչային նոր ծրագրավորման լեզուների օգնությամբ անալիզ անելով»,-ասաց ուսանողը:

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելու համար պահանջվում է, որ ուսանողն ունենա բարձր ՄՈԳ, տպագրված մի քանի հոդված, ակտիվ ուսանող լինի, որից հետո միայն կարող է անցնել հարցազրույցի փուլը: Իսկ ստացած գումարով նա պլանավորում է ծրագրավորման կուրսեր անցնել: Ըստ ուսանողի՝ Հայաստանում հիմա շատ հնարավորություններ կան զբաղվելու ՏՏ ոլորտով և կոնկրետ իր՝ կենսաինֆորմատիկայի՝ այս պահի դրությամբ ոչ այնքան հայտնի մասնագիտությամբ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունն են: «Եվ տարեկան մոտ 20-25 տոկոս աճ ունենք: Իսկ ՀՆԱ-ում ՏՏ-ի տեսակարար կշիռը մոտ 5 տոկոս է կազմում: Հայաստանում այսօր գործում են շուրջ 3000 ՏՏ ընկերություններ, որոնցից շուրջ 2000-ը ստարտափներ են: Գաղտնիք ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ այդ ընկերությունների հիմնական կորիզը կազմում են մեր տաղանդաշատ պատանիները, որոնցից շատերը նաև այս մրցանակաբաշխության միջոցով են բացահայտվել և խրախուսվել: Այս մրցանակաբաշխությունը կազմակերպելու մեր հիմնական խնդիրն այն էր, որ մենք մեր տաղանդաշատ պատանիներին ուղղորդենք դեպի գիտակրթական ոլորտ, դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն»,-ասաց Մուսայելյանը:

Նա ընդգծեց, որ «Սինոփսիս»-ի համար շատ կարևոր է երկրում IT ենթակառուցվածքների զարգացումը: Ընկերությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են ՏՏ ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում, դրանցից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է: Մրցանակաբաշխությունը «Սինոփսիս»-ը իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ:

«Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին էլ հավելեց՝ բավականաչափ չի կարող ընդգծել ՏՏ ոլորտի կարևորությունը երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաև ազգային անվտանգության համար: «ՏՏ-ն դառնում է շատ ավելին, քան պարզապես լավ աշխատանքը, այն սկսում է փոխել մարդկանց կենսակերպը, մեր կյանքը: Սա ոլորտ է, որը ոչ միայն ֆինանսական առումով ձեզ կբավարարի, այլ մեծագույն բավարարվածությունը պետք է լինի այն, թե ինչպես եք դուք իսկապես փոխում մարդկանց, տնտեսության, երկրի հաղորդակցման ձևերը»,-ասաց նա՝ շնորհավորելով ուսանողներին:

«Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,

«Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

 «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am