Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

Հասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ 
գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամեն գնով հասնելու է նրան, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ գերիներին գնդակահարելու փաստի տեսանյութի առնչությամբ միջազգային հանրությունից լինեն ոչ միայն դատապարտող հայտարարություններ, այլ նաև՝ ռեալ գործիքակազմեր կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն իրականացնող (Հեղ.-Կարեն Անդրեասյանը գտնվում է արձակուրդում) Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Մեր գործընկերները՝ թե ՄԻՊ-ը, թե կառավարության միջազգային իրավական հարցերով  ներկայացուցիչները արդեն գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե ՄԻԵԴ, թե Արդարադատության միջազգային դատարան»,-ասաց նա:

Մինասյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով և գնահատականները տրվեն, և միջազգային գործընկերների հետ աշխատելով հնարավորինս բերեն այն հանգուցալուծմանը, որ նման դեպքերը բացառվեն:

«Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները գոնե միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և այդ արարքը դատապարտվի»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ տեսանյութը և վերջին մի քանի տարիներին, ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը ժողովրդին, բոլորին պետք է: Սակայն, այդ տեսանյութը նաև ապացուցում է, որ անելիքներն այդ ուղղությամբ դեռևս շատ են:

Իսկ, թե ինչ է սպասվում միջազգային դատարաններ դիմելուց հետո՝ նա ասաց. «Նախ՝ արձանագրել տվյալ հանցագործությունը, նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքի միջոցով ստիպել, որ իրենց ներպետական օրենսդրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվեն տվյալ հանցագործները»:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։ Տեսանյութին անդրադարձել էր նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-նշել էր Կլաարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am