Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ 
ստացան Տիկնիկային թատրոնի բեմում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացման գլխավոր հերոսը հետախույզ Սմիթն է, որը որոշում է իրականացնել իր երազանքն ու նվաճել աշխարհը: Նա վստահ է, որ դա անելու համար անհրաժեշտ է լինել աշխատասեր, ընթերցասեր, խելացի և ամենագլխավորը՝ բարի, կարեկից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որի հիմքում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեքիաթներն են, Մարգարյանի մահվան օրը՝ սեպտեմբերի 30-ին, համալրեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը:

Առաջնախաղին դահլիճում ներկա և՛ փոքրիկները, և՛ մեծահասակները բուռն էին արձագանքում՝ հետևելով գլխավոր հերոսի հետաքրքիր ճամփորդությանը:

Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խոստովանեց, որ սեպտեմբերի 30-ը իր կյանքի ամենատխուր օրացույցային օրն է վերջին երկու տարում, քանի որ  իր որդին հենց այդ օրն է անմահացել՝ դառնալով հավերժի ճամփորդ: «Մի փոքր լույս  ծագեց նրա միջոցով, քանի որ նա անմահացավ երկրորդ անգամ արդեն տիկնիկային ներկայացման և Ալեն տիկնիկի միջոցով: Ներկայացման ծնունդը և այն փաստը, որ Ալենը մեկ անգամ ևս հավերժանում է՝ յուրաքանչյուր մանկան սրտում տեղ գտնելով, հուզիչ է: Համոզված եմ, որ այս բեմադրությունը լավագույն նվերն է լինելու բոլոր մանուկների համար»,-նշեց Տերտերյանը:

Նազելի Տերտերյանի խոսքով՝ Ալենը ստեղծագործում էր՝ առակներ, պիեսներ էր գրում, ֆիլմեր նկարում: «Դեռ մանուկ տարիքում նրա  ստեղծագործական ջիղն ի հայտ էր գալիս տարբեր առիթներով: Նա դեռ գրաճանաչ չէր, երբ աշնան մի  երեկո, երբ անձրևախառն եղանակ էր, փոքրիկ մի տերև ընկավ պատուհանագոգին: Ալենը կտրուկ արձագանքեց ու խնդրեց, որ տերևը ներս բերենք: Նա պատմություն հորինեց տերևի մասին ու խնդրեց, որ գրի առնեմ այն»,-պատմեց Ալենի մայրը:

Տերտերյանը տեղեկացրեց, որ, համագործակցելով «Զանգակ» հրատարակչության հետ, նախատեսում են լույս ընծայել Ալեն Մարգարյանի հեքիաթները, ինչը ևս Ալենից նվեր կլինի մանուկներին: «Նա գրում էր լուռ, սակայն ասում էր, որ իր հեքիաթները բեսթսելեր են դառնալու: Ես ցավում եմ, որ դրանք  բեսթսելեր կդառնան առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց կդառնան դարերինը, կդառնան մանուկների հոգուն հարազատ հեքիաթներ: Հեքիաթներից յուրաքանչյուրը հստակ ուղերձ ունի՝ լինել աշխատասեր, ինչպես մեղուները, ագահ չլինել, վերջ տալ դաժանությանը»,-նշում է Նազելի Տերտերյանը:

Ըստ ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի՝ Ալեն Մարգարյանի հեքիաթները հետաքրքիր նյութ էին տիկնիկային ներկայացման համար: Ստեղծագործական թիմը հաճախ է փնտրել նյութ, որը հնարավորություն կտա  երեխաների հետ խոսել իրենց լեզվով, նյութ, որը կհետաքրքրի ժամանակակից փոքրիկներին:

Հեքիաթների մի մասն անավարտ է եղել, և ստեղծագործական կազմի աշխատանքային գործընթացը ևս նման է եղել հետախուզության. փորձել են հասկանալ հեքիաթների տրամաբանությունը, և երբ  գտել են  այն, հեքիաթները առավել գրավիչ են դարձել: «Դերասանները սիրով են աշխատել, որովհետև հեքիաթների կերպարները տարբերվում են դասական գործերի հերոսներից: Այստեղ երեխաները կարող են հանդիպել այլմոլորակայինների, տիեզերագնացների, օդանավերի»,-ընդգծեց ռեժիսորը:

Նա կարևորեց այն, որ ներկայացումն ինտերակտիվ է, ու  երեխաները դերասանների հետ մասնակցում են հետախուզությանը՝ փորձելով բացահայտել թաքնված գաղտնիքները: «Կառույցը դետեկտիվ է, բայց մենք հայտնաբերում ենք ոչ թե նյութական  արժեքներ, այլ գիտելիքներ, կարևոր մտքեր, որոնք հնարավորություն կտան նվաճել աշխարհը: Ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ գրքի օգնությամբ կարելի է ճանապարհորդել ամբողջ աշխարհում»,-եզրափակեց Մովսեսյանը:

Ծրագրում են ներկայացումը խաղալ սահմանամերձ գյուղերում, Արցախում, ինչպես նաև սփյուռքում: Նախատեսում են ներկայացմամբ մասնակցել միջազգային փառատոնների՝ արտերկրի փոքրիկներին հնարավորություն տալով ծանոթանալու Ալեն Մարգարյանի կյանքին ու գործունեությանը, արժեհամակարգին, գաղափարներին ու մանկական երևակայությանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am