Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա, ապա Հայաստանը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության և հայկական կողմի պատկերացումների մասին: Ի պատասխան հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Հայաստանը և ինչի դիմաց, վարչապետն ասում է, որ զիջել-չզիջելու հարցը շատ հարաբերական է:

«Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառ/կմ է: Ինչո՞ւ եմ ասում՝ 29 հազար 800 քառ/կմ է. որովհետև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 հազար 800 քառ/կմ է: Հիմա այս արձանագրումից հետո ինչո՞ւ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի «դավաճան» և ո՞վ է այդ պոտենցիալ որևէ մեկը: Նաև համարում է, որ Հայաստանի տարածքը իրականում 300 հազար քառ/կմ է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 հազար քառ/կմ-ին: Այստեղ կան նաև այդպես մտածող մարդիկ: Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, եթե թույլ կտրվի այդպես ասել, «Ծովից ծով Հայաստան»-ի գաղափարից և հետևաբար՝ դա դավաճանություն է: Կարո՞ղ են լինել այդպիսի մարդիկ: Կարող են լինել և կան այդպիսի մարդիկ: Բայց մենք ասում ենք հետևյալը, որ խաղաղության պայմանագրի հիմքում, մեր ըմբռնմամբ, պետք է լինի, - և դա տրամաբանական է, - Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Եվ մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա խաղաղության պայմանագրի բաղադրիչներից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում