Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մեր առջեւ այն բանի նշանն է, որ Թուրքիան մաքրվեց մատնիչներից եւ օտարերկրացիներից։ Այսուհետեւ Թուրքիան պատկանում է թուրքերին»։ Խոսքերը վերագրվում են Մուստաֆա Քեմալին։

Կարեւոր չէ, թե խոսքերն իրականում ում են պատկանում՝ Քեմալի՞ն, թե՞ վերագրվում են նրան. սա կասեր ոճրագործությանը մասնակից ցանկացած թուրք ցանկացած ոճրագործությունից հետո։ 1922 թ. սեպտեմբերի 13-ին Զմյուռնիայում սկսված հայ եւ հույն խաղաղ բնակիչների կոտորածների առնչությամբ  Ուինսթոն Չերչիլը գրել է. «Քեմալն իր հաղթանակը տոնեց Զմյուռնիան մոխրի վերածելով եւ բնաջնջելով տեղի քրիստոնյա ողջ բնակչությանը»: Իսկ Զմյուռնիան (ներկայիս Իզմիրը), ինչպես նաեւ Կոստանդնուպոլիսը (ներկայիս Ստամբուլը) եւ ընդհանրապես այն բոլոր տարածքները, որտեղ հաստատվել են թուրքերը, տեղի ժողովուրդներից բռնազավթված տարածքներ են։ Զմյուռնիան հիմնադրվել է դեռեւս Ք. ա. 2-րդ հազարամյակում, երբ թուրքերի մասին հիշատակություն իսկ գոյություն չուներ։ Քաղաքը հիմնվել է որպես էոլիացի հույների գաղութ, կոչվել Սմիրնա։ Հայերն այնտեղ բնակություն են հաստատել 13-րդ դարից, այն անվանել Զմյուռնիա, խաղաղ գոյակցել հույների հետ, ստեղծել սեփական մշակույթը։ 15-րդ դարում Զմյուռնիան արյունալի նախճիրով նվաճեցին թուրքերը, անվանեցին Իզմիր՝ հարմարեցնելով իրենց լեզվական հնչյունային համակարգին, եւ սկսվեցին տեղի բնակչության ճնշումներն ու հալածանքները։ 1915 թ. Զմյուռնիան՝ իր արվարձաններով ունեցել է 21 հազար հայ բնակիչ, 1922-ին՝ 12 հազար։ Հույները այդ ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության կեսը կամ կեսից ավելին, այնուհետեւ բնակչության քանակով թուրքերն էին, հրեաները, այլազգիներ, եվրոպական երկրների հազարավոր հպատակներ։

Այն, որ հույները չեն հաշտվել հայրենի տարածքները կորցնելու հետ, պատճառը միայն կորուստը չէ, այլ նաեւ այն, որ թուրքերը շարունակաբար արյունալի բռնաճնշումների են ենթարկել ու ենթարկում տարածքում բնակվող քրիստոնյաներին, այդ թվում եւ հույներին։ «Հունաստանը պայքարում է ոչ թե իսլամի, այլ օսմանյան անախրոնիստական կառավարության եւ դրա կոռումպացված, անտեսանելի եւ արյունոտ վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով վտարել վերջիններիս այն տարածքներից, որոնք բնակեցված են հույներով»,- այսպես է մեկնաբանել 1919-22 թթ. հույն-թուրքական երկրորդ պատերազմի շարժառիթը այն ժամանակ Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը՝ բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցում, բացի այդ, օսմանյան Թուրքիայի կազմալուծման վերաբերյալ Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքներից դժգոհ Իտալիան փութով նվաճում է Անթալիան եւ շարժվում դեպի Իզմիր։ Փարիզում Էլեֆթերիոս Վենիզելոսը զեկույց է հղում մեծ տերություններին՝ պնդելով, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը երիտթուրքական ջարդարարների սպառնալիքի ներքո է, դրանով իսկ շահում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի օժանդակությունը սպասվելիք օկուպացիայի վերաբերյալ, սակայն առանց ճշտելու օկուպացիայի սահմանները։ Թուրքերի դեմ պատերազմելու պատճառներից մեկն էլ համարվում է Էլեֆթերիոս Վենիզելոսի «Մեծ գաղափարի» (հունարեն՝ «Մեղալի իդեա») իրագործման նպատակը՝ հույներով բնակեցված փոքրասիական տարածքների ազատագրումը երկարամյա թուրքական լծից, Հունաստանին վերադարձնելու պատմական տարածքները՝ ի տարբերություն թուրքական «մեծ նպատակի», որ ծրագրում է նվաճել ու թրքացնել գրեթե ողջ աշխարհը։

Այսպիսով՝ 1919 թ. մայիսի սկզբին Հունաստանի 20-հազարանոց զորախումբը՝ դաշնակիցների եւ Հայաստանի Հանրապետությունից ժամանած 2500 հոգանոց կամավորական ջոկատի հետ միասին գրավում է Էգեյան ծովի արեւելյան ափը՝ բանակելով Զմյուռնիա նավահանգստային քաղաքում։ Էլեֆթերիոս Վենիզելոսը հունական ներխուժումը հիմնավորում է Մուդրոսի պայմանագրի հոդված 7-ով, ըստ որի՝ դաշնակիցներին թույլատրվում էր «գրավել ցանկացած ռազմավարական կետ ցանկացած իրավիճակում, եթե որեւէ բան սպառնում էր վերջիններիս անվտանգությանը» (մեջբերում Վիքիպեդիայից)։ Չկարողանալով դիմադրել օկուպացիոն ուժերին, թուրք ազգայնականները բնաճնշումներ են սկսում ուղղափառ՝ անզեն ու խաղաղ բնակչության նկատմամբ. մասնավորապես, Նուրեդդին փաշան Այդինի վիլայեթում բոլոր մուսուլմանական խմբավորումներին բացեիբաց հրահանգավորում է հալածել ու կոտորել տեղի հույն եւ հայ բնակչությանը։ Թուրքերի վայրագություններն իրենց գագաթնակետին են հասնում, երբ պատերազմի հաղթության նժարը թեքվում է Թուրքիայի կողմը, իսկ դա տեղի է ունենում Հունաստանում նոր իշխանության ընտրություններից հետո, երբ պարտվում է Վենիզելոսի վարչախումբը, ու իշխանության են գալիս երիտասարդ, անփորձ ուժեր, եւ երկրում տեղի է ունենում քաղաքական պառակտում։

1922 թ. սկզբին արդեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան որոշում են Սեւրի պայմանագիրը չպարտադրել թուրքերին եւ ետ են քաշում իրենց զորքերը՝ հույներին թողնելով մենակ՝ վերջնականապես կապանքից ազատելով թուրքերի արյունոտ ձեռքերը, եւ հույն-թուրքական երկրորդ պատերազմը հանգում է վերջնակետին 1922 թ. սեպտեմբերի 13-ին սկսված Զմյուռնիայի քրիստոնյա՝ մասնավորապես՝ հույն եւ հայ խաղաղ բնակչության արյունալի կոտորածով ու նրանց ունեցվածքը կրակի ճարակ դարձնելով։ Ականատեսներն այդ մասին վկայում են. «Թուրք զինվորականները բենզինով ողողում եւ այրում էին հայկական թաղամասի բազում կառույցներ՝ սպասելով, թե երբ մուսուլմանական թաղամասերից այստեղ կփչի ուժեղ քամին։ Այնուհետեւ նրանք սկսեցին բենզինով ողողել եւ այլուր եվրոպա-քրիստոնեական մասում (մասնավորապես՝ ամերիկյան հյուպատոսության առջեւ)։ Սպանդն ու հրդեհը ծավալվում էին ողջ քաղաքով եւ ուղեկցվում գազանային խոշտանգումներով. այսպես, բազում բռնաբարություններից հետո կտրում էին աղջիկների կրծքերը։ Փրկվելով հրդեհից, քրիստոնյա բնակիչների մեծամասնությունը խռնվում էր նավահանգստում։ Թուրք զինվորականները օղակում են նավահանգիստը՝ փախստականներին թողնելով առանց հաց ու ջրի։ Շատերը մեռնում էին սովից ու ծարավից, այլոք ինքնասպան էին լինում՝ նետվելով ծովը։ Որպեսզի խլացնեն մեռնող քրիստոնյաների ճիչերը, մշտապես նվագում էր թուրքական զինվորական նվագախումբը։ Այս ամենը տեղի էր ունենում դաշնակիցների զինվորական նավատորմիղի առջեւ, ովքեր կայանել նավահանգստում եւ չէին խառնվում»։ Ըստ զանազան աղբյուրների՝ Զմյուռնիայի աղետի ժամանակ զոհվել են 10 հազարից 100 հազար բնակիչ՝ հիմնականում հույներ ու հայեր. ողջ մնացած փոքրամասնությունները գաղթել են Հունաստան, Հայաստան։

Արյունալի սպանդի դաժան գույները նկարագրվել են գրքերում, ֆիլմերում, որոնց թվում եւ 1922 թ. Եվրոպայում ամերիկյան թերթի թղթակից Էռնեստ Հեմինգուեյի՝ «Զմյուռնիայի նավահանգստում» վավերագրական պատմվածքում։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am