Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը  

Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future 
միջոցառումը

 

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիրական կենտրոնում սեպտեմբերի 8-ին   Starmus VI   փառատոնի   շրջանակում մեկնարկեց   STARMUS VI  x co-creating the future միջոցառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, միջոցառման հիմնական խոսնակներն էին տիեզերագնաց, Apollo 16-ի լուսնագնաց Չարլի Դյուկը և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելը:  «Ինձ համար կարևոր է լինել այստեղ ու խոսել իմ ձեռքբերումների մասին, ինչը ձեզանից շատերի համար կարող է մոտիվացիա դառնալ: Պետք է միշտ նպատակի հետևից գնալ՝ առաջնային չհամարելով փողը: Կարևոր չէ նաև ժամերով աչքի առաջ պահել սմարթֆոնները, ինձ համար կարևորը պարզ մարդկային հաղորդակցումն ու շփումն է»,-սկսելով իր խոսքը՝ նշեց Թոնի Ֆադելը՝ անկեղծանալով, որ իր iPhone-ը երկու սերունդ առաջվա ստեղծված iPhone է, բայց դա իրեն ոչինչով չի կաշկանդում:

Չարլի Դյուկն էլ ներկայացրեց Լուսնի վրա հայտնվելու իր առաջին տպավորությունները: «Անհավանական ու ֆանտաստիկ էր, իրոք, անչափ ֆանտաստիկ»,- նշեց Չարլի Դյուկը, ով Լուսնի վրա ոտք է դրել 1972 թվականի ապրիլի 16-27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել եւ փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի եւ հողի նմուշներ, ինչպես նաեւ գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերեւույթի վրա: 

Բացի խոսնակների ելույթներից, Starmus VI   փառատոնի   շրջանակում անցկացվում են պանելային քննարկումներ, միջառարկայական աշխատարաններ: «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության պեղումից և վերականգնումից հետո առաջին անգամ ԳՏԿ-ում կցուցադրվի «Արշալույս 5» վիշապաքարը։

Սեպտեմբերի 9-10-ին տեղի կունենան միջառարկայական սեմինարներ և աշխատարաններ՝ գիտության և արվեստի բնագավառի երիտասարդ հետազոտողների, մասնագետների, ուսանողների, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի շահառու երիտասարդների մասնակցությամբ։

Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում անցկացվող միջոցառումներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ իր հարկի տակ հյուրընկալած Galique Art space-ի հետ համատեղ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am