Կառավարությունը խթանում է գյուղատնտեսական հողերի մշակումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 4-ի նիստում հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման՝ կոնսոլիդացիայի աջակցության 2023-2025 թթ. ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանեց, որ նշված ծրագրով կառավարությունը նպատակադրել է ընդլայնել կամ խոշորացնել հողակտորները հողային ռեֆորմների շրջանակներում և դրանով բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը, ինչպես նաև խթանել գյուղատնտեսական հողերի մշակումը:
«Այս ծրագիրն իր բնույթով նշանակում է, որ այն մարդիկ կամ կազմակերպությունները, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնք պատրաստ են համախմբել իրենց հողակտորները կամ գնել-հավաքել հողակտորները մեկ խոշոր՝ 30 հեկտարից մինչև 200 հեկտար հողակտորի մեջ, կառավարությունը պատրաստ կլինի փոխհատուցել այդ հողակտորների լավացման, այսինքն՝ մելիորացիայի և ջրավազանների կառուցման ծախսերի 50 տոկոսը: Ծրագրի նպատակն է արագացնել այն ընթացքը, որով մեր գյուղատնտեսությունը դառնում է ավելի բարձր արտադրողական, քանի որ հիմա էլ տեսնում ենք, որ խոշոր գյուղատնտեսական ներդրողները խոշորացնում, կոնսոլիդացնում են հողակտորները, բայց դա անում են բավական դանդաղ: Մեր այս ծրագրով հույս ունենք, որ նոր ներդրողներ կհայտնվեն, իսկ եղած ներդրողները կարագացնեն իրենց ընթացքը՝ իմանալով, որ կառավարությունը էական աջակցություն է ցույց տալիս», - մեկնաբանեց էկոնոմիկայի նախարարը:
Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է մեկ հեկտարի համար հատկացնել ընդհանուր 2 մլն 760 հազար դրամ ծախսերի 50 տոկոսը՝ մոտ 1,3 մլն դրամի չափով աջակցություն:
«Հույս ունենք, որ կկարողանանք կատարել մեր նախանշած թիրախները, այսինքն՝ տարեկան կոնսոլիդացնել մոտ 1500 հեկտար», - հավելեց նախարարը: