Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն

Ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում կենսաթոշակային ֆոնդերի 
եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում բարձր գնաճով պայմանավորված՝ տոկոսադրույքների բարձրացումը բացասաբար է ազդել նաև պարտքային գործիքների գների վրա: Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի բացասական եկամտաբերությունը պայմանավորված է եղել արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների, ինչպես նաև ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորմամբ։

Օրերս հրապարակվեց կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հաշվետվությունները, որոնցում մեծամասամբ արձանագրվել են ակտիվների բացասական եկամտաբերություն, ինչն էլ հանրության շրջանում մտահոգությունների և մտորումների տեղիք է տվել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի երկու կառավարիչների ներկայացրած հաշվետվությունների ամփոփ տվյալները, որոնցում անդրադարձ է կատարվել արձանագրված ցուցանիշների պատճառներին և երկարաժամկետ հորիզոնում ակնկալվող արդյունքներին։    

Նշենք, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014 թվականից, որի շրջանակներում կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են երկու կառավարիչների կողմից. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝

  • կայուն եկամտային (FIX)՝ կուտակումները ներդրվում են ավանդում կամ պարտատոմսում,
  • պահպանողական (CON)՝ կուտակումները ներդրվում են ինչպես ավանդում կամ պարտատոմսում, այնպես էլ բաժնետոմսում (25%-ի չափով),
  • հավասարակշռված (BAL)՝ կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդում և պարտատոմսում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսում:

Ըստ ֆոնդերի կառավարիչների հաշվետվությունների՝ 2022թ. երկրորդ եռամսյակում միջազգային ֆինանսական շուկաները շարունակել են կրել այն բացասական ազդեցությունը, որը պայմանավորված էր համաշխարհային մատակարարման շղթաների խաթարումներով, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, որը բերեց տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների մեծացմանը։ Արդյունքում՝ առաջին կիսամյակի արդյունքներով գրեթե բոլոր ակտիվների դասերն արձանագրեցին բացասական եկամտաբերություն (քիչ բացառություններից էին թերևս հումքային ապրանքները)։ Ամունդի-Ակբայի և Ցե-Կվադրատի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերն անմասն չեն մնացել վերը նկարագրված իրադարձություններից՝ 2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրելով եկամտաբերության հետևյալ ցուցանիշները`

 

Ըստ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած հաշվետվության՝ 2022թ. ընթացքում, դրամավարկային պայմանների չափից ավելի խստացմամբ պայմանավորված, մեծացել է տնտեսական աճի դանդաղման և նույնիսկ տնտեսական անկման, ինչպես նաև՝ ընկերությունների մարժաների փոքրացման ռիսկը: Այս ամենը հանգեցրել է արտասահմանյան բաժնային գործիքների գների զգալի անկմանը:  2022թ. երկրորդ եռամսյակը ֆոնդերի ստեղծման պահից ի վեր վատագույնն էր: Ավելին, ստեղծման պահից ֆոնդերը երկրորդ անգամ են գրանցում բացասական եկամտաբերություն իրար հաջորդող երկու եռամսյակների ընթացքում:

  

Ամունդի-Ակբայից հայտնել են, որ առաջին կիսամյակում արձանագրած վնասներն իրացված չեն, այսինքն` այդ վնասները չեն ձևավորվել ֆոնդերի ներդրումների վաճառքի արդյունքում։ Սա նշանակում է, որ ֆինանսական շուկաների վերականգնման պայմաններում ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները ևս կվերականգնվեն։ Ավելին, տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն է ընձեռում նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով՝ բերելով ֆոնդի եկամտաբերության առաջանցիկ աճին, ֆինանսական շուկաների վերականգնմանը զուգահեռ։ Ինչպես ներկայացված է ստորև բերված գծապատկերում՝ տարբեր իրադարձություններով պայմանավորված, նախկինում ևս ֆոնդերն արձանագրել են եռամսյակային բացասական եկամտաբերություն, սակայն նշված բոլոր դեպքերին հաջորդել են եկամտաբերության աճի երկար ժամանակահատվածներ։

 

Հարկ է ընդգծել, որ այս բացասական ազդեցությունը որոշակի մեղմվել է Ամունդի-Ակբայի կողմից կենսաթոշակային ֆոնդերի հայաստանյան ներդրումների կառավարման մեջ առաջին անգամ հեջավորման գործիքի կիրառման արդյունքում։

            Ստեղծման պահից ի վեր ֆոնդերը վերապրել են մի շարք միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր և ֆինանսական շուկաներում գնանկումներ, որոնք իրենց կարճաժամկետ բացասական ազդեցությունն են ունեցել ֆոնդերի եկամտաբերության վրա: Այդպիսիք են՝ Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, 2018թ. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հետևանքով բաժնային արժեթղթերի շուկայում կտրուկ գնանկումները և այլն: Հատկանշական է, որ կենսաթոշակային ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն, և դրանով պայմանավորված՝ ունակ են ստանձնել տարբեր գործոններով պայմանավորված գնային տատանումներ՝ ակնկալելով ստանձնած ռիսկին համարժեք եկամտաբերություն: Ըստ ֆոնդերի կառավարիչների տվյալների՝ բաժնային գործիքների եկամտաբերությունը պետք է դիտարկել երկարաժամկետում (առնվազն 10 տարի)՝ տնտեսական ցիկլի ամբողջ երկայնքով, քանի որ կարճաժամկետում (1-3 տարի) տնտեսական և ֆինանսական ցիկլերով պայմանավորված՝ շուկաները կարող են ունենալ միջինից ավելի բարձր կամ ցածր եկամտաբերություն: Չնայած ֆոնդերի բացասական կիսամյակային եկամտաբերությանը՝ ֆոնդերը երկարաժամկետում հակված են վերականգնվելու երկարաժամկետ անկումներից: Սրա մասին են վկայում 2022թ. հունիսի վերջի դրությամբ ինչպես «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կառավարվող ֆոնդերի ունեցած 7-7.7% ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը, այնպես էլ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից մինչև օրս ապահոված 72-76% կուտակային եկամտաբերությունը, որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերության՝ կախված ֆոնդի տեսակից:

 Այս միտումները բնորոշ են ինչպես Հայաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին, որի մասին է վկայում կառավարիչների կողմից իրականացրած համեմատական վերլուծությունը. ըստ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի ուսումնասիրության՝ այս տարվա բացասական եկամտաբերությունը բնորոշ է նաև արտասահմանյան ֆոնդերին, այդ թվում՝ ֆոնդերի եկամտաբերության վրա ազդել են գրեթե նույն գործոնները, իսկ երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս Հայաստանի ֆոնդերն արտասահմանյան ֆոնդերի համեմատ ապահովել են բավականին բարձր ցուցանիշներ: Նմանօրինակ ուսումնասիրություն իրականացրել է նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը:

 

Այսպիսով, ամփոփելով ֆոնդերի կառավարիչների կողմից ներկայացված հաշվետվությունները, կարող ենք եզրահանգել, որ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը պետք է գնահատել երկարաժամկետ հատվածում, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել կարճաժամկետ տատանումների բացասական ազդեցությունը եկամտաբերության վրա, դիվերսիֆիկացիան և ներդրումային ռիսկերի նվազեցման նոր գործիքի կիրառումը հնարավորություն են տվել մեղմել բացասական ազդեցությունը ֆոնդերի եկամտաբերության վրա, տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն է ընձեռում նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով,  ֆոնդերի՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրած վնասները իրացված չեն, և կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով:

 

Մերի Բոյաջյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am