Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դրամի արժևորումից մինչև լոգիստիկ հարցեր. ինչ խնդիրների են բախվում արտահանողները, լուծման ինչ ուղիներ կան

Դրամի արժևորումից մինչև լոգիստիկ հարցեր. ինչ խնդիրների են բախվում 
արտահանողները, լուծման ինչ ուղիներ կան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանում իրականացնող ընկերությունները դժգոհում են՝ վերջին շրջանում դրամի արժևորումից մեծապես տուժում են, դժվարություններ է ստեղծում նաև գնաճը, երբ արտահանման համար պատրաստվող ապրանքի համար ձեռք բերվող հումքի գինը թանկացել է, խնդիրներ կան նաև լոգիստիկ առումով: «Արմենպրես»-ը զրուցել է արտահանողների հետ:

Դոլարի փոխարժեքի նվազում, դրամի արժևորում

Հայաստանում արդեն տևական ժամանակ նկատվող դրամի արժևորումը, դոլարի փոխարժեքի անկումն իր ազդեցությունն է ունենում արտահանողների վրա: Արտահանման համար պայմանագրերը հիմնականում կնքվում են դոլարով, և հիմա նրանք նույն ապրանքի դիմաց դոլարով նույն գումարը ստանալով՝ փաստորեն դրամային արտահայտությամբ ավելի քիչ են վաստակում:

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող «Արմավիր ֆրութ» ընկերության արտահանման հիմնական ուղղությունն ԱՄՆ-ն է: Ընկերությունը մեծ քանակներով Միացյալ Նահանգներ է արտահանում պահածոյացված պտուղ-բանջարեղեն, չրեր և այլ ապրանքներ: Ընկերության հիմնադիր, «Մանթաշյանց» գործարարների միության անդամ Հայկ Մանուկյանը նշում է՝ իրենց հիմնական խնդիրն այս պահին արտարժույթի տատանումը և դրամի արժևորումն է: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ մարդիկ սկսել են հիմնել այգիներ, ջերմոցային տնտեսություններ, ծավալներն ավելացել են:

«Սակայն, երբ մեզ մոտ խնդիր է լինում, դա ավտոմատ փոխանցվում է գյուղացիներին: Դրամի արժևորման պայմաններում մենք չենք կարողանում այն ծավալի վերամշակում անել: Գնային առումով մեր պայմանավորվածությունը արտերկրի մեր գործընկերների հետ տարիների պատմություն ունի, այն տարիների ընթացքում շատ քիչ է փոխվում: Օրինակ՝ ԱՄՆ-ում 8-9 տարի պահանջվեց շուկայում դիրք զբաղեցնելու, արտադրանք վաճառելու համար: Եվ հիմա, եթե մենք փոխենք, գինը բարձրացնենք, շուկա ենք կորցնելու»,-ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով՝ արտահանվող ապրանքի գինը չեն կարող բարձրացնել, անգամ, եթե բարձրացնեն, այդ շուկայում կորցնելու են մրցունակությունը:  Դոլարի մոտ 20 տոկոսով էժանացման պայմաններում հիմա ընկերության համար անգամ որոշ ապրանքներ արտահանելը  ձեռնտու չէ, այս տարի, սակայն, դեռևս շարունակում են դրանց արտահանումը՝ շուկա չկորցնելու համար, սակայն, հիմնադրի խոսքով, կորցնում են ֆինանսական միջոցներ:

Բեռնափոխադրող, արտահանող «Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր, «Մանթաշյանց» գործարարների միության անդամ Նորայր Գևորգյանը ևս շեշտում է՝ արտարժույթի տատանումը բոլոր արտահանողների համար է խնդիր: «Արտարժույթի տատանման, դրամի արժևորման արդյունքում այս պահին տուժում են բացառապես բոլոր արտահանողները: Դրամի արժևորումն, իհարկե, վատ բան չէ: Սակայն, երբ դա արվում է միանգամից, խնդիր է»,-ասում է նա:

Նա ընդգծում է՝ բեռնափոխադրման ոլորտում արժեքները դոլարով են հաշվում: «Երբ ասում ենք, որ բեռնափոխադրումն արժե մոտ 2500 դոլար, հաշվի ենք առնում, որ 480 կամ 475 դրամի կուրսով էինք հաշվում, հիմա ստիպված ենք 410-420: Դա բնականաբար բերում է գների բարձրացման, քանի որ մեր ծախսերի մեծ մասը Հայաստանում դրամով է, իսկ եթե այդ 2500 դոլարը 420 դրամով ենք հաշվում, մոտ 15-20 տոկոս կորուստ ենք ունենում»,-ասում է Գևորգյանը:

Կենտրոնական բանկն այն դիրքորոշմանն է, որ Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ավելի վաղ, անդրադառնալով դրամն արհեստականորեն արժեզրկելու վերաբերյալ ստացվող առաջարկներին, ընդգծել էր, որ այդ պարագայում ստեղծելու են գնաճային մի նոր ալիք, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտահանողներին:

Լոգիստիկ խնդիրներ

Արտահանողների համար խնդիր է նաև Վերին Լարսի անցակետի խնդիրը: Պարբերաբար, այդ թվում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, բեռնատարների կուտակումներ են լինում, հատկապես վերջին շրջանում մեծ հերթերում էին նաև հայկական բեռնատարներ, որոնք արտահանում էին, այդ թվում շուտ փչացող մթերքներ:

«Արմավիր ֆրութ» ընկերությունը ոչ մեծ չափով, սակայն որոշակի քանակով արտահանում իրականացնում է նաև Ռուսաստան: «Շուտով մեծ պայմանավորվածություններ կունենանք ռուսական շուկայի գործընկերների հետ: Այսինքն՝ մեզ համար շատ արդիական է լինելու Լարսի անցակետի խնդիրը: Մենք նաև վերամշակման համար ներմուծումներ ենք անում, և այդ դեպքում ևս Լարսի մասով խնդիրներ ունենում ենք»,-ասում է ընկերության հիմնադիր Հայկ Մանուկյանը:

Նա շեշտում է՝ ցանկացած արտահանողի համար կարևոր նշանակություն ունի Լարսը, քանի որ ունեն պայմանագրեր: «Եթե Լարսի խնդիրը չի լուծվում, նշանակում է, որ մենք պետք է Ռուսաստանում ունենանք պահեստներ, որպեսզի պայմանավորվածություն չխախտենք, ժամանակին ունենանք մեծ քանակի պահեստավորում, սառնարանային տնտեսություն՝ փչացող ապրանքների մասով»,-ասում է ընկերության հիմնադիրը:

Նա նաև նկատել է՝ այս տարի թարմ ծիրան արտահանողներից որոշները հետ են եկել ճանապարհից, գերհասունացած և առաջնային շուկայի համար արդեն ոչ պիտանի ապրանքը վաճառել վերամշակողներին շատ ավելի էժան գնով:

Բեռնափոխադրող, արտահանող «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը ևս մատնանշում է Լարսի խնդիրը:  «Լարսի խնդիրն այնպես չէ, որ նոր է: Ովքեր աշխատել են այդ ուղղությամբ, գիտեն, որ դա միշտ խնդրահարույց է, ձմեռն իր խնդիրներն ունի, ամռանն էլ, ինչպես այս տարի, թե ձնհալի, թե ռելիեֆի պատճառով, խնդիր եղավ: Սակայն այս տարի դրան գումարվեց նաև մեքենաների մեծ հոսքն այլ երկրներից, որոնք չեն կարողանում Եվրոպայով գնալ Ռուսաստան, նրանց համար այլընտրանքային ճանապարհը դարձավ Լարսը: Իսկ Լարսն այդքան հնարավորություն չունի, որ կարողանա այդքան մեքենա սպասարկել, մեքենաների թիվը մի քանի անգամ գերակշռում է Լարսի թողունակությանը»,-ասում է նա:

Ընկերությունն այս տարի ծիրանի արտահանում չի իրականացրել: «Գիտեինք, որ ժամանակային առումով չենք հասցնելու շատ արագ անցնել Վրաստանը, հերթեր են լինելու: Այլ պատճառներ ևս կային»,-նշեց նա:

Լարսի անցակետի խնդիրը մեղմելու համար նախատեսվում է լաստանավային հաղորդակցության գործարկում: Կառավարությունը դրա համար հաստատել էր նաև ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Լաստանավային հաղորդակցության գործարկումը նախատեսվում էր հունիսի 15-ին, սակայն այն դեռևս ձգձգվում է, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մնացել է ստանալ միայն Փոթի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության թույլտվությունը: Այդ ընկերությունը ևս պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: Նախարարի վստահեցմամբ՝ բանակցում են, որ հայկական բեռների փոխադրման համար լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն:

Սակայն երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ կարծում են, որ, իհարկե, լաստանավային փոխադրումը կթեթևացնի խնդիրը, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ Հայաստանից շատ ավելի մեծ քանակ է դուրս գալիս արտահանման համար, քան լաստանավով կարելի է փոխադրել: Բացի այդ, Նորայր Գևորգյանը նկատում է, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է այդ մասով, բայց կոնկրետ լաստանավային հաղորդակցության գործարկման համար խնդիր կա եվրոպական ընկերության հետ:

Գնաճ

Վերջին շրջանում ինչպես միջազգային շուկայում, շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է գնաճ, միայն մայիսին գնաճը եղել է 9 տոկոս: Արտահանում իրականացնող «Արմավիր ֆրութ» ընկերության հիմնադիր Հայկ Մանուկյանի խոսքով՝ իրենց համար խնդիրներ է ստեղծում նաև գնաճը, թանկացել է հումքը, ներկրվող ապրանքների գներն էլ, չնայած արտարժույթի անկմանը, չեն նվազում:

«Շղթայական գնում է, աշխատուժի, դիզվառելիքի, պարարտանյութի և մյուս բաների գնաճի արդյունքում գյուղմթերքը թանկանում է, հետո թանկ գյուղմթերքը մեզ մոտ գալիս, մթերվում է, ներմուծվող մյուս ապրանքների՝ օրինակ շաքարավազի և այլ ապրանքների գները ևս չեն նվազում, դրա արդյունքում արդեն բավականին մեծ ինքնարժեք է ձևավորվում, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում»,-ասում է Մանուկյանը:  

Նա նաև վստահեցնում է, որ ցանկացած տարեվերջին հաջորդ տարվա համար իրենք նախատեսում են գնաճ՝ հաշվի առնելով ԿԲ-ի տված ինֆորմացիան, երկրի վիճակը և այլ իրողություններ, և դրա հիման վրա ապրանքների գնային քաղաքականություն են որոշում, սակայն չէին կարող կանխատեսել, որ արտարժույթն այս տարի նման չափով կնվազեր:

Առաջարկվող լուծումներ

Խոսելով արտահանողների համար խնդիր առաջացրած դրամի արժևորումից՝ Հայկ Մանուկյանը նշում է, որ դրամի արժեզրկումը կարող է բացասական անդրադառնալ տնտեսության վրա գնաճի տեսանկյունից: Ուստի նա այլ տարբերակ է առաջարկում՝ աջակցություն արտահանում իրականացնող ընկերություններին՝ ընդգծելով, որ թե ապրանքի, թե ծառայության արտահանում իրականացնող ընկերությունները երկրի տնտեսության ողնաշարն են: Այսպիսով՝ ընկերության հիմնադրի առաջարկը հետևյալն է՝ ենթադրենք, ընկերությունը արտահանված ապրանքի դիմաց ստացել է 1000 դոլար, որը մանրել է 400 դրամով, իսկ նախկինում մանրում էր 480-ով, ապա այդ 400-ի և 480-ի տարբերության չափի որոշակի մասով փոխհատուցում տրվի:

«Սպիննակեր գրուպ» ընկերության հիմնադիր Նորայր Գևորգյանն էլ նշում է՝ արտարժույթի տատանման խնդիրը համաշխարհային խնդիր է, միայն Հայաստանից չէ կախված: Նա նկատում է՝ ԿԲ-ի՝ դրան չմիջամտելու նպատակը գնաճը զսպելն է: Ըստ Գևորգյանի՝ դա ինչ-որ չափով հաջողվում է, սակայն գնաճն էլ է համաշխարհային միտում, հետևաբար գնաճն առհասարակ զսպել չի հաջողվելու: Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ այդ պարագայում տուժում են արտահանողները, և նրանց պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերվի:

«Եթե տուժող ոլորտների համար չլինի փոխհատուցում, շատ դժվար վիճակում են հայտնվելու:  Պետք է լինի ոլորտային աջակցություն արտահանում իրականացնող ընկերություններին, նրանց, որոնք դոլարային պայմանագրեր ունեն»,-ասում է Գևորգյանը:

Այս խնդիրներին լուծում գտնելու, առաջարկներ անելու, քննարկելու նպատակով «Մանթաշյանց» գործարարների միության անդամ գործարարներ տարբեր հանդիպումներ են ունեցել և ունենում պատկան գերատեսչությունների հետ:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am