Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» համագործակցության հուշագիր են կնքել

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու «Մայլեռ Մաունթայն 
Ռեզորթը» համագործակցության հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Դավիթ Խիթարյանի, և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր Տիգրան Հարությունյանի, հուլիսի 6-ին համագործակցության հուշագիր են կնքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սույն հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ մասնագիտական կրթության  զարգացման, երիտասարդ մարզիկների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, մարզումների կազմակերպման միջոցով  ֆիզիկական կուլտուրայի արդյունավետության բարձրացման, առողջ ապրելակերպի հանրայնացման և համապատասխան սպորտաձևերում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու բացառիկ հնարավորությունների բացահայտման։

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ողջունելով համագործակցության մեկնարկը, նշել է. «Շատ կարևոր է, որ սպորտի մասսայականացման և մասնագիտական կրթության ոլորտում էական ծրագրերը նախաձեռնում է նաև մասնավոր հատվածը։ Այսօր սպորտն այն միջոցն է, որով կարող ենք նպաստել հանրային առողջության ձևավորմանն ու պահպանմանը, ուստի սպորտի բարձրագույն կրության զարգացման, հասարակության ավելի լայն շերտերին ու հատկապես երեխաներին սպորտում ներգրավելն այսօր անհրաժեշտություն է։ Այս գործընթացում մասնավոր հատվածի նմանատիպ նախագծերի դերն անգնահատելի է»։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը կարևորել է մասնավոր հատված-բուհ համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով աշխատաշուկան որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու փաստը. «Մենք ցանկանում ենք նպաստել մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը,  հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։ Որպես բիզնես մենք պատասխանատու ենք առաջին հերթին ոլորտի զարգացման համար և առաջնային գործոնը պրոֆեսիոնալ և փորձառու կադրեր ունենալն է, ուստի մենք շատ ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար։ Մենք մեր առջև  նպատակ ենք դրել Հայաստանում ստեղծել լեռնադահուկային դպրոց՝ շեշտը դնելով երեխաների կրթական պատրաստվածության վրա։ Վստահ եմ, որ մեր երկկողմանի արդյուանվետ համագործակցության արդյունքում կարող ենք ստեղծել, չեմ վախենա նշել, նույնիսկ տարածաշրջանում դահուկորդների լավագույն դպրոցը, որտեղ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն շրջանավարտերը կդասավանդեն և կվերապատրաստեն կադրերի»։

Տիգրան Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ են աջակցել մասնագիտական պրակտիկաների անցկացմանը, ինչպես նաև հավելեց, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» մասնագիտական բոլոր ենթակառուցվածքները  կլինեն բուհի ուսանողների տրամադրության տակ։

Հուշագրի շրջանակում կողմերը  կհամագործակցեն նաև  ներդրումային, նորարարական, երկկողմանի  հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի, միջազգային փորձի փոխանակման, անվանական կրթաթոշակների համատեղ  իրականացման  շուրջ, գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման ոլորտներում եւ այլ ուղղություններով:

Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա են եղել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության տնօրեն Մհեր Բաղդասարյանն ու հաղորդակցությունների թիմը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]